Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում վաղը` հոկտեմբերի 7-ին, մեկնարկելու է Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում քննարկելու են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Նստաշրջանը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 11-ը:

Վեհաժողովի` ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, կայանալու է հատուկ քննարկում «ԵԱՀԿ դերը հակամարտությունների կարգավորման գործում. Լեռնային Ղարաբաղ» թեմայով, որը վարելու է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ նոր հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը: Լսվելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցները, այնուհետ ակայանալու են քննարկումներ:

Նստաշրջանի ընթացքում քննարկելու են նաեւ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանների զարգացման հարցերը, տնտեսական համագործակցությունը երկրների միջեւ, եվրոատլանտյան տարածքին նրանց ինտեգրումը:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաեւ հայաստանյան պատվիրակությունը` Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ: Վերջինս սեպտեմբերի 10-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրել էր, որ դեռեւս Վիեննայում անցած ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի նախօրեին ասել էր, որ իր կարծիքով, «նման քննարկումները խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում խորհրդարանական դիվանագիտության ներուժի ներգրավմամբ կարող են լինել արդյունավետ այն դեպքում, երբ պաշտոնական դիվանագիտությունը` մեր երկու երկրների նախագահները, արտգործնախարարությունները կարողանան արձանագրել էական, շոշափելի առաջընթաց բանակցային գործընթացում»: Այդուհանդերձ, նա նկատել էր, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած քննարկման: