Իսրայելի կառավարությունը հաստատել է Պաղեստինի հետ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի իրենք ազատ են արձակում Իսրայելի բանտերում գտնվող ավելի քան հազար պաղեստինցիների, կապրալ Գիլադ Շալիթի ազատ արձակման դիմաց, հաղորդում է BBC-ն:
Իսրայելական բանակի կապրալ Գիլադ Շալիթը պաղեստինցիներին գերի է ընկել 2006-ին: Հանդես գալով Գազայի հատված հեռուստատեսությամբ, «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավար Խալեդ Մեշաալը հայտարարել է, որ առաջին անգամ 450 պաղեստինցի բանտարկյալներ ազատ կարձակվեն Իսրայելի բանտերից առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Միայն դրանից հետո Գիլադ Շալիթը կհանձնվի Իսրայելի իշխանություններին:
Մնացած պաղեստինցի բանտարկյալները, որոնցից 27-ը կանայք են, ազատ կարձակվեն երկու ամսվա ընթացքում:
Մեշաալը պայմանավորվածությունն անվանել է պաղեստինցի ժողովրդի «ազգային ձեռքբերում»:
25-ամյա Գիլադ Շալիթի, ինչպես նաեւ պաղեստինցի բանտարկյալների ընտանիքների անդամները չեն հավատում ձեռք բերված հմաձայնությանը, մինչեւ ազատության մեջ չտեսնեն իրենց հարազատներին:
Իսրայելցի սերժանտի փոխանակման շուրջ բանակցությունները, որոնք կայացել են Եգիպտոսի եւ Գերմանիայի միջնորդությամբ, հիմնականում ընթացել են պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման հնարավորության շուրջ:
Իսրայելի բանտերում շուրջ 5 հազար պաղեստինցի բանտարկյալ կա, որոնց մեծ մասը մեղադրվում է լուրջ հանցագործությունների մեջ:




























