Իսրայելը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին է հանձնել 477 բանտարկյալ պաղեստինցիների` այդպիսով կատարելով իսրայելցի կապրալ Գիլադ Շալիթի փոխանակության համաձայնագրի մի մասը:
Այժմ պաղեստինցիները գտնվում են սահմանային անցակետերում, սպասում են Հորդանան գետի արեւմտյան ափ` Գազայի եւ Եգիպտոսի հատված ուղեւորվելուն:
«Գործարքի առաջին մասն արված է: Բոլոր 477 բանտարկյալները հանձնվել են Կարմիր Խաչին», - հոկտեմբերի 18-ին հայտնել է իսրայելյան Բանտային վարչության ներկայացուցիչ Սիվան Վայցմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» :
Ծրագրված է, որ երկու շաբաթից պաղեստինցի բանտարկյալների երկրորդ խումբն ազատ կարձակվի` 550 մարդ:
Հոկտեմբերի 11-ին Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնագիր է ստորագրել, ըստ որի ընդհանուր թվով ազատություն կստանա 1 հազ. 27 մարդ, որոնցից շատերը ահաբեկչական գործունեության համար դատապարտվել էին ցմահ բանտարկության:
Շալիթը պաղեստինցի արմատականների կողմից առեւանգվել էր 2006թ. հունիսին Գազայի հատվածից:
Курсор-ի փոխանցմամբ` վարչապետ Բինիամին Նետանյահուն եկել է ВВС Թել-Նոֆ բազա եւ հայտնել, որ «շուտով Գիլադը կվերադառնա»:




























