Պատերազմի հետևանքով առաջ եկող հոգեբանական տրավմաների, դրանց հաղթահարման ուղիների, պատերազմից տուժած և բռնի տեղահանված անձանց հոգեբանական աջակցության, նրանց հետ շփման մոտեցումների և հետպատերազմյան ժամանակահատվածում ի հայտ եկող հոգեբանական այլ խնդիրների շուրջ NEWS.am-ը զրուցել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ, հոգեթերապևտ Տաթևիկ Մամյանի հետ։
Հոգեբանական ի՞նչ ազդեցություն է թողնում պատերազմը այն վերապրողների վրա։
Պատերազմը մի իրողություն է, որն ազդում է մարդու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա։ Մասնագիտական գրականության մեջ տրավմաները, որոնք յուրովի ազդեցություն են թողնում մարդու հոգեկան աշխարհի և հոգեկան առողջության վրա, բաժանվում են մեծ թի և փոքր թի ( Big T, and small t) խմբերի, ինչը հոգետրավմատիկ գործոնների պայմանական բաժանում է։ Big T խմբում է գտնվում պատերազմը․ կա առանձին տերմին` պատերազմի տրավմա: Այն թողնում է հոգետրավմատիկ էական ազդեցություն անձի հոգեկան աշխարհի վրա, քանի որ ազդում է բոլոր հնարավոր համակարգերի հավասարակշռության խախտմանը՝ բնակության վայրի, հայրենիքի կորուստ, անվտանգության կորուստ, հարազատի կամ սեփական առողջության վտանգում, վախերի և տագնապի սրացում, ապագայի տեսլականի կորուստ, բնականոն ապահով կյանքի կորուստ, սեփական կյանքի վտանգվածության վախ։ Այն տարբեր կերպ է ազդում պատերազմական գործողությունների անմիջական մասնակցի, պատերազմի պատճառով տեղահանվածի կամ դրա ակտիվ դիտորդի վրա։ Սակայն բոլոր դեպքերում այն թողնում է հոգետրավմատիկ ազդեցություն։
Ձեր կարծիքով ի՞նչը կարող է պատճառ դառնալ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան պայմաններում մարդկանց մոտ մեղքի և անզորության զգացման առաջացման համար։
Մարդն իր կենսագործունեության ընթացքում գործարկում է հարմարման շատ տարբեր մեխանիզմներ, օրինակ`վերահսկումը, պատասխանատվությունը։ Մեղքի զգացումը հոգեկանի ընդունակությունն է, որն օգնում է անձին վերահսկել և պատասխանատվություն կրել։ Պատերազմը, որպես շատ բարդ և սովորական մահկանացուի համար հիմնականում անկառավարելի իրողություն, կարող է խաթարել մարդու` աշխարհին հարմարման տվյալ մեխանիզմները։ Այդ իսկ պատճառով հնարավոր է առաջանան անօգնականության զգացում, վիշտը ապրելու ընթացքում բնականոն առաջացող մեղքի զգացում, երբ յուրաքանչյուրը փորձում է վշտի ապրման փուլերից մեկում կարծել, թե ինչ-որ բան այլ կերպ եթե լիներ, այլ կերպ թե աներ, տվյալ հոգետրավմատիկ իրողությունը, օրինակ` պատերազմը, դրա հետևանքով կրած կորուստները կարող էր կանխել, բայց երբ գիտակցում է, որ այն շատ ավելի զորեղ է իրենից և վեր է իր կառավարումից, արթնանում են անօգնականության և մեղքի զգացումները։
Ինչպե՞ս կարելի է հաղթահարել նման հոգեվիճակը։
Անել այն, ինչ քո ուժերի սահմաններում է։ Առերեսվել քո ապրումներին և հույզերին։ Առերեսվել ստեղծված իրողությանը, կարողություններին և կառուցել գործողությունների քարտեզ։ Հաճախ բացասական հույզերն են, որ մեզ խանգարում են կառուցողական գործել։ Կենտրոնանալ անելիքների, թեկուզ առօրյա, թեկուզ «փոքրիկ» թվացող։
Տեղահանված անձինք հոգեբանական ի՞նչ խնդիրների առկայության դեպքում պետք է առաջին հերթին դիմեն հոգեբանի։
Բոլոր այն դեպքերում, երբ կան առաջացած անհաղթահարելի վախեր, տագնապներ, տրամադրության անընդհատ, կտրուկ փոփոխություններ, երբ մարդն ինքնուրույն չի կարողանում ձևավորված բացասական հուզական վիճակից ազատվել, ինչպես նաև երբ առկա են քնի խանգարման, ախորժակի կորստի կամ հոգեսոմատիկ այլ դրսևորումներ։
Հոգեբանական տեսանկյունից ի՞նչն է պետք կարևորել տեղահանված անձանց հետ շփվելիս, նրանց հետ աշխատելիս։
Տեղահանվածների հետ աշխատելիս կարևոր է առաջնորդվել արտակարգ իրավիճակներում աշխատելու սկզբունքներով․ այն է՝ գնահատել նրանց տվյալ պահի կարիքները, այդ թվում՝ կենսական պահանջմունքները, դրանց ապահովմանն ուղղված քայլերը և այլն: Տվյալ իրավիճակում շատ կարևոր է նաև հասարակության ապրումակցումը, տեղահանվածների նկատմամբ հոգատարությունը, աջակցությունը։
Պատերազմը, որպես հոգետրավմատիկ գործոն, հաճախ կարող է մարդու հոգեկանի վրա այնպիսի ազդեցություն ունենալ, որ հոգեկանը այդ ցավագին իրողությունին արձագանքի ոչ կառուցողական մեխանիզմներով` մերժման, ագրեսիայի, բարկության, դեպրեսիայի և այլն։ Այդ իսկ պատճառով, պատերազմ տեսած ու տեղահանված անձին ժամանակ է հարկավոր իրողությունն ընդունելու և այն հաղթահարելու համար։ Կարևոր է նրանց վերստին տրավմատիզացիայի չենթարկելը․ օրինակ՝ չխոստանալ այն, ինչ չես կարող անել։ Անհրաժեշտ է իրատեսական խնդիրներ լուծել և չարժեզրկել նրանց այսօրվա ապրումներն ու վախերը, այլ օգնել դրանք քայլ առ քայլ հաղթահարել։
Ալյոնա Մուժիկյան





























