Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն, ապա մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։