Հյուսիսային Կորեան կշարունակի ամենակոշտ միջոցներով պատասխանել ԱՄՆ անփոփոխ թշնամական քաղաքականությանը, նշվել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
«ԱՄՆ նկատմամբ մեր քաղաքականության մեջ, որն ուղղված է ԱՄՆ անփոփոխ թշնամական քաղաքականությանը մինչև վերջ ամենակոշտ միջոցներով պատասխանելուն, նույնիսկ չնչին փոփոխություն չկա»,- նշվել է հայտարարության մեջ։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում նշել են, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են Փհենյանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության անփոփոխության և «Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը» հավատարմության մասին։ Գերատեսչությունում նաև մատնանշել են Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները, ԱՄՆ, Հարավային Կորեայի և Ճապոնիայի Freedom Edge եռակողմ զորավարժություններ անցկացնելու ծրագրերը, ինչպես նաև ամերիկյան կողմի հետախուզական գործունեությունը։





























