Space X ընկերության սեփականատեր Իլոն Մասկը Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովի հետ զրույցում չի բացառել, որ կարող է թույլատրել Կիևին օգտագործել Starlink արբանյակային ինտերնետը Ռուսաստանի տարածքին հեռահար հարվածներ հասցնելու համար, հայտնել են Financial Times (FT)-ին տեղեկացված աղբյուրները։ Սակայն, նրանց խոսքով, գործարարն ընդգծել է, որ նախ այդ մասին որոշում պետք է ընդունեն Սպիտակ տանը։
Մինչ այդ պարբերականի զրուցակիցները հայտնել էին, որ հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Starlink-ը ռուսական ռազմական օբյեկտներին հարվածելու համար օգտագործելու հարցը բարձրացրել էր Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ Խոսքը հիմնականում վերաբերում էր Ուկրաինայի սահմաններից մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բալիստիկ հրթիռների արձակման ենթակառուցվածքը գրոհելու հնարավորությանը։ Զելենսկին Թրամփին խնդրել էր օգնել այս հարցի լուծմանը, սակայն Սպիտակ տան ղեկավարը, FT-ի աղբյուրների խոսքով, ոչինչ չի խոստացել։
Ավելի վաղ այն մասին, որ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ֆյոդորովը դիմել էր Մասկին՝ Starlink-ը հեռահար հարվածների համար օգտագործելու թույլտվություն խնդրելով, հայտնել էին The Atlantic-ի զրուցակիցները։ Նրանք ևս նշել էին, որ «դրական որոշում չկա»։ Մինչ այդ Մասկը չէր թույլատրել Ուկրաինային օգտագործել արբանյակային ինտերնետը ռուսական օբյեկտների վրա հարձակումների համար՝ միջուկային էսկալացիայի վտանգի պատճառով։ Կիևում կարծում էին, որ հարվածների հեռահարությունը սահմանից մինչև 200 կիլոմետր սահմանափակելը կփոխի նրա որոշումը։ FT-ն նշել էր, որ Starlink-ի օգնությամբ Ուկրաինայի զինված ուժերը (ԶՈւ) կկարողանային ավելի նպատակային հարվածել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին և նվազեցնել հրթիռակոծությունների թիվը, որոնք խնդիր էին դարձել Patriot ՀՕՊ համակարգերի համար որսիչ հրթիռների պակասի պատճառով։
Միևնույն ժամանակ, The Atlantic-ի զրուցակիցների խոսքով, Մասկը պնդում է Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը։ The Economist-ի հարցազրույցում Space X-ի սեփականատերը հայտնել էր, որ Ուկրաինայում ճակատն «արդեն երկու-երեք տարի» չի շարժվում, իսկ «առաջնագծում ամեն օր բազմաթիվ մարդիկ են զոհվում»։ Ընդ որում, նա նշել էր, որ Ռուսաստանը չի հանի զորքերն Ուկրաինայից, և պատերազմը հնարավոր կլինի կանգնեցնել միայն Մոսկվային զիջումներ անելուց հետո։ «Սա ռուսամետ դիրքորոշում չէ։ Ես պարզապես պրագմատիկ եմ», — ընդգծել էր Մասկը։





























