News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարը՝ Հայկ Մարությանը արդեն վերցրել է մանդատը եւ Երեւանի ավագանու առաջիկա նիստերին մասնակցելու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը։

«Այս պայմաններում պետք է աշխատել ընդդիմադիր խմբակցություն, եւ մենք պատրաստվում ենք դա անել։  Հայկ Մարությանը արդեն վերցրել է իր մանդատը, իսկ թե ինչ օրակարգով կշարունակենք աշխատանքը, ապա դա հայտնի կդառնա առաջիկա նիստերին»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուն՝ Կարապետյանն ասաց, որ նրա ընտրվելն այլեւս անակնկալ չէր․

«Ոչինչ տեղի չի ունեցել, որը անակնկալ կլիներ Հայկ Մարությանի համար։ Այսինքն՝ ի սկզբանե կար հնարավորություն, որ ընդդիմությունը ընտրի քաղաքապետի միասնական թեկնածուի՝ Հայկ Մարությանին, բայց հետո պարզ դարձավ, որ այդ ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը ուղղակիորեն չունի բավարար ձայներ, որպեսզի տրամադրի միասնական ընդդիմության թեկնածուի քաղաքապետ դառնալու գործին։ Այսինքն՝ իրենք ինչ-որ պաշտոններ էին ակնկալում կամ առեւտուր էին անում այդ հարցի շուրջ՝ չունենալով այն, ինչը իրենք պատրաստվում էին առաջարկել։ Այդ պատճառով Հայկ Մարությանն առաջարկեց անցկացնել նոր ընտրությունների, որպեսզի բացառենք ՔՊ թեկնածուի՝ քաղաքապետ դառնալը։ «Հանրապետություն» կուսակցությունը, որը ընդդիմադիր կեցվածքով ձայներ էր հավաքել ընտրությունների ժամանակ, իրենք անվերապահորեն իրենց ձայները տվեցին ՔՊ-ին, եւ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը, որը քննադատում էր ՔՊ-ին, եկավ ժամանակ, երբ խոսքերը գործի պետք է վերածվեին, սակայն կուսակցությունը իր ձայները այսպես ասած՝ տվեց ՔՊ-ին»։

NEWS.am-ի հետ զրույցում  «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համարը՝ Անդրանիկ Թեւանյանը նույնպես ասաց, որ  իր համար կանխատեսելի էր այս իրավիճակը։

Հարցին՝ արդյո՞ք դաշինքի անդամները մասնակցելու են ավագանու նիստերին, Թեւանյանն ասաց․ «Նման հարցերի հետ կապված մենք դեռ քննարկում չենք անցկացրել, երբ անցկացնենք, հրապարակային հայտարարությամբ հանդես կգանք»։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվել է Երեւանի քաղաքապետ: Նա անկախ Հայաստանի պատմության ընթացքում Երեւանի 14-րդ քաղաքապետն է:

Քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ ավագանու 5 անդամ:

Քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 33 կողմ ձայն, սակայն քանի որ Ավինյանը քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն էր, ընտրվելու համար նրան 27 ձայն էր անհրաժեշտ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» - 12 մանդատ

«Հանրապետություն» - 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ

Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, որի արդյունքում քվորում ապահովվեց եւ նիստը կայացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ