News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Աշխարհում, այդ թվում մեր երկրում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության ծավալների ավելացմանը զուգահեռ ի հայտ են գալիս թմրամիջոցների նոր տեսակներ, որոնց հայտնաբերումն ու բաղադրության որոշումը պահանջում է ժամանակին համահունչ նոր սարքավորումների և  մեթոդների կիրառմամբ համապատասխան փորձաքննությունների իրականացում: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նոր տեսակների հայտնաբերման, դատաքիմիական և տոքսիկոլոգիական բնագավառում կիրառվող նորամուծությունների, այս առումով Հայաստանի ունեցած փորձի և այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական  հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Ալեքսանդրի Սավչուկի հետ:

Սերգեյ Ալեքսանդրի, խնդրում եմ պատմեք ասոցիացիայի գործունեության  և Հայաստան Ձեր այցի նպատակների մասին:

Մեր ասոցիացիան ստեղծվել է 2016 թվականին. այն միավորում է թունաքիմիական և դատաքիմիկան բնագավառի մասնագետների  Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից, Մոլդովայից: Ասոցիացիայում գործում է գիտամեթոդական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Աշխարհում թմրամիջոցների և թմրաշրջանառության տարածմանը զուգահեռ ամեն օր ստեղծվում են թմրամիջոցների նոր տեսակներ, ուստի մեր խնդիրն է մշակել դրանց հայտնաբերման նոր՝ էֆեկտիվ մեթոդներ, որոնք կիրառվում են ինչպես ՌԴ, այնպես էլ այլ երկրների փորձագիտական  լաբորատորիաներում: Հայաստան եմ ժամանել ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հրավերով, որպեսզի կիսվեմ դատաքիմիական հետազոտությունների բնագավառում մեր ասոցիացիայի ունեցած առաջադեմ փորձով և իրականացնեմ Կազմակերպության կողմից վերջերս ձեռքբերված գերժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումային համալիրի մեթոդական ապահովումը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում սարքավորումային համալիրը և ի՞նչ նպատակով է այն կիրառվում:

Գերժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքը, որը կիրառվելու է դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բնագավառում, համալրված է եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆով՝ իր լրակազմով:  Հեղուկային

քրոմատոգրաֆիական մեթոդի կիրառմամբ իրականացվող դատաքիմիական  (քիմիաթունաբանական) հետազոտությունները հնարավորություն են տալիս հետազոտելի կենսաբանական նմուշներում (այդ թվում՝ մազ, մեզ, արյուն, եղունգի եզրային կտրվածքներ, թուք, ներքին օրգաններ) սեղմ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ իրականացնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դեղամիջոցների, թունավոր, խիստ ներգործող նյութերի հայտնաբերմանն ուղղված գերզգայուն հետազոտություններ (նանոգրամների և պիկոգրամների ճշգրտությամբ):

Մեր խնդիրն է թարմացնել կիրառվող մեթոդները՝  մեծացնելով իրականացվող փորձաքննությունների ճշգրտությունը, ստացված տվյալների արժանահավատությունը: Փորձաքննությունների ազգային բյուրոն համալրված է փորձառու մասնագետներով և Բյուրոյի լաբորատորիաներում վաղուց իրականացվում են ժամանակակից մեթոդների կիրառմամբ բարդ փորձաքննություններ: Բյուրոյի լաբորատորիաներում առկա սարքավորումները, որոնցով մենք հիմա աշխատում ենք, գերզգայուն են, և դա թույլ է տալիս օգտագործել ամենաժամանակակից, արագ մեթոդները նոր և ավանդական թմրամիջոցներ հայտնաբերելու  գործում՝ միևնույն ժամանակ զարգացնելով առկա ռեսուրսները:  Դրանք պիտի լրացնեն մեկը մյուսին, աշխատեն համահունչ, ինչը կապահովի ավելի ճշգրիտ արդյունքներ, ավելի մեծ զգայունություն:

Մեր բոլոր առաջարկները փոխադարձաբար ընդունվել են և փոխըմբռնման բարձր մակարդակը թույլ է տալիս նախանշել ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ գիտամեթոդական, գիտահետազոտական աշխատանքների արդիական ուղղությունները: Ձևավորվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ, ամեն բան կազմակերպված է բարձր մակարդակով և մեզ համար շատ հաճելի է աշխատել նման առաջատար կազմակերպությունում:

Դատաքիմիական փորձաքննություններ իրականացնելիս կիրառվող մեթոդաբանությունը արդյոք չպե՞տք է բոլորի համար նույնը լինի:

Մեր խնդիրն է, որպեսզի մասնագետներն աշխատեն միևնույն մեթոդիկայով, իսկ արդյունքները լինեն համեմատելի և ճշգրիտ: Ուրախալի է, որ այս առումով Բյուրոյի ղեկավարության հետ մեր մոտեցումները լիարժեք համընկնում են: Այդ նպատակին հասնելու համար մենք պարբերաբար իրականացնում ենք միջլաբորատոր ստուգիչ թեստավորումներ: Դա անում են շատ կազմակերպություններ, օրինակ՝ ՄԱԿ-ը, եվրոպական կազմակերպությունները, որոնք զբաղվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով և այլն: Մենք մասնակցել ենք ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) իրականացրած ստուգիչ թեստավորումներին ևս: Մեր կողմից ստացված արդյունքների հիման վրա մշակվում են գիտականորեն հիմնավորված մոտեցումներ, որոնք  ներկայացվում են միասնական հաշվետվության մեջ՝ դրանց հիման վրա իրականացնելով նաև համապատասխան կոնֆերանսներ, քննարկումներ, փորձի փոխանակման ծրագրեր և այլն:

Կենդանի անձի օրգանիզմում թմրամիջոցի հայտնաբերերումը հեշտ աշխատանք չէ, սակայն ոչ պակաս բարդ և խնդրահարույց է նաև դիակի կենսամիջավայրերում թմրամիջոցների հայտնաբերումը: Այս առումով համաշխարհային ի՞նչ նոր առաջադեմ մոտեցումներ կան դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննությունների ոլորտներում:

Շատ կարևոր և երբեմն չափազանց բարդ լուծվող խնդիրների մասին եք բարձրաձայնում: Հետազոտվող կենսամիջավայրերը, հատկապես դիակային նյութերի դեպքերում, հաճախ ենթարկված են լինում նեխային փոփոխության և քայքայման, ինչն իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում ինչպես  հետազոտությունների, այնպես էլ ստացված արդյունքերի վերլուծության գործընթացում: Քանի որ տարեցտարի զարգանում են թե՛ գիտամեթոդական, և թե՛ սարքավորումային հնարավորությունները,  գործընթացները  դառնում են ավելի զգայուն: Մի կողմից կարելի է որոշել չնչին քանակություն, իսկ մյուս կողմից կարելի է կատարել շատ նոսրացված փորձարկումներ՝ խնայելով սարքավորման ռեսուրսները և չաղտոտել այն, ինչը չափազանց կարևոր է հավաստի արդյունքների ապահովման համար,  քանի որ նախորդ կեղտոտ նմուշների հետ աշխատանքը  կարող է ազդել հաջորդող նմուշների հետազոտությունների արդյունքների վրա, քանի որ նույնիսկ չնչին հետքային քանակը կարող է մնալ լաբորատոր միջավայրում և սարքավորումներում: Սա կարևոր խնդիրներից մեկն է: Մենք հիմա փորձում ենք կիրառել հեշտ և արագ իրագործվող էքսպրես և էֆեկտիվ մեթոդներ, որոնք նախկինում չեն կիրառվել:

Ի՞նչ նոր մեթոդների մասին է խոսքը:

Ոլորտում կիրառվող հետազոտությունների երկու մեթոդներից մեկը՝ գազքրոմատոգրաֆիական մեթոդը, տարիներ շարունակ այստեղ հաջողությամբ կիրառվել է, իսկ հեղուկ քրոմատոգրաֆիական մեթոդը՝ այն էլ քառաբևեռ մասսպեկտրաչափով համակցված,  նոր պիտի կիրառվի: Այս երկու մեթոդները կգործեն համահունչ, այսինքն կձևավորվի որոշակի կապ առաջին և երկրորդ սարքավորումների միջև՝ ստուգիչ և փոխլրացնող հետազոտությունների իրականացման համար: Քանի որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ աշխատանքն իրականացվել է եվրոպական չափանիշների ինտեգրմամբ, բոլոր սահմանված մեթոդները ներառում են հատվածներ, որոնք թույլ են տալիս վերահսկել թմրամիջոցների հայտնաբերման որակը և վստահելիությունը, մեր խնդիրն է միայն լավացնել արդեն իսկ գոյություն ունեցող հնարավորությունները, որի արդյունքում փորձագետները հնարավություն են ունենալու յուրաքանչյուր դեպքում ընտրելու առկա մեթոդներից ամենանպատակայինը՝ կախված իրավիճակից, դրված խնդրի լուծման բարդությունից:

Ի՞նչ խնդիրներ պետք է լուծել նման փորձաքննությունների որակը և թմրաշրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Փորձագիտական առումով ցանկանում եմ նշել, որ առաջին հերթին այն մեթոդները, որոնք հաստատված են յուրաքանչյուր սարքավորման համար, պիտի  անընդհատ թարմացվեն և բոլոր ընթացակարգերը և ռիսկերը լինեն վերահսկելի: Այս առումով չափազանց կարևոր է  շրջանառվող թմրամիջոցների վաղ հայտնաբերումը, այսինքն պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկվեն  տարածաշրջանում ի հայտ եկող նոր թմրամիջոցների վաղ հայտնաբերման նպատակով և դրանց ապօրինի շրջանառության իրավական գործընթացներին առավելագույն օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Որպես ոլորտի պրոֆեսիոնալ, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը թմրամիջոցների դեմ:

Միայն թմրաշրջանառության դեպքերն արձանագրելն ու թմրամոլներին հայտնաբերելը բավարար չէ արդյունքի հասնելու համար: Չափազանց կարևոր է նաև թմրամիջոցների նոր տեսակների հայտնաբերումը և այս առումով հարկավոր է դատափորձագիտական և իրավապահ ոլորտների ջանքերի և արդի մոտեցումների ներդաշնակ համադրություն: Հայաստանում՝ ի դեմս Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ձևավորված է կարող ներուժ, որտեղ առկա են թե՛ գիտամեթոդական, թե՛ նյութատեխնիակական և մասնագիտական հնարավորություններ առաջադեմ արդյուքնների ապահովման համար, ինչը չափազանց կարևոր է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարի արդյունավետ իրականցման համար: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ