Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանն ազատվել է բաժնի վարիչի պաշտոնից, արգելել են նաեւ ծնունդներ ընդունել եւ նա այժմ միայն զբաղվում է կանանց կոնսուլտացիայով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ եթե ընդհանրապես մի դեպքի վերաբերյալ մարդուն հասնում է մեկ պատիժ, ապա ինքը ստացել է երկու պատիժ: «Ես ուղղակի հասկացա, որ մեր պետության մեջ 30 տարի չքնած բժիշկը կարող է խիստ անպաշտպան լինել բոլորի կողմից: 30 տարի չքնած բժիշկը այսքան անպաշտպան է եւ լրատվության, եւ նախարարության կողմից, այսինքն` իմ չքնած գիշերներն իզուր էին: Ես իմ 30 տարվա աշխատանքը համարում եմ զրոյին հավասարեցված, այսինքն` ես ոչ մի լավ բան չեմ արել էս երկրի համար»,- դառնացած ասաց Մետաքսյա Հովհաննիսյսնը: Նա կարծում է, որ իրեն եւ իր աշխատանքը չեն գնահատել եւ մեղադրանքների 80 տոկոսը զրպարտանք է:
Մետաքսյա Հովհաննիսյանը համոզված է, որ մասնագիտական սխալ չի արել, միգուցե էթիկայի նորմերն է խախտել` կենցաղային հարցերը բերելով հիվանդանոց, բայց մասնագիտական սխալ չի արել, «եղել է սովորական ծննդաբերություն առանց բարդությունների»: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ արդեն ստացել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, նշանակել են համալիր փորձաքննություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա.Թորոսյանին եւ սպասել են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել հղի կնոջ մոտ ծննդաբերության ժամանակ: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել էր: Հայաստանի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Առողջապահության նախարարության հանձնաժողովը Վայոց ձորում ուսումնասիրություններ կատարելու եւ նյութեր հավաքելուց հետո փաստել էր, որ «կան որոշակի բացթողումներ»: Հարություն Քուշկյանի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի խոսքով` այդ բացթողումները նկատի ունենալով սեպտեմբերի կեսերին նամակ է ուղարկել մարզպետին եւ առաջարկել է զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ կասեցնել Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը:



























