Տավուշի մարզի Իջեւան քաղաքի քաղաքապետի ընտրությունները ավարտվել են ԲՀԿ-ական թեկնածու, ավագանու անդամ 38-ամյա Վարդան Ղալումյանի հաղթանակով:
ՀՀԿ-ական թեկնածու, 12 տարի գործող քաղաքապետ, 49-ամյա Վարուժան Ներսիսյանը պարտվել է մոտ 1652 ձայնով: Ըստ այդմ, ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8712 մարդ` ընտրողների 62.8 տոկոսը: Վարդան Ղալումյանն ստացել է 5044 քվե, Վարուժան Ներսիսյանը` 3406:
Նշենք, որ ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների միջեւ ընտրությունն անցել է բավականին լարված: ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին սատարելու համար Աբովյանից ու Երեւանից Իջեւան են եկել մի քանի խմբեր:
Երեկ նույնիսկ ոստիկանություն բերման ենթարկվողներ են եղել: Մասնավորապես, ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանություն են տարել դրսից ժամանած «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի վարորդին:
Ոստիկանությունից հայտնում են, որ իսկապես, երկու մարդու հրավիրել են ոստիկանության բաժին, քանի որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրեր են եղել, սակայն այդ մարդիկ ազատ են արձակվել, քանի որ լուրերը չեն հաստատվել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի թեկնածուի վստահված անձնացից է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ներկա են եղել նաեւ այլ պատգամավորներ, այդ թվում «Ժառանգություն» խմբակցությունից Անահիտ Բախշյանը:
Նման աջակցություն ՀՀԿ-ից չի ցուցաբերվել իրենց թեկնածուի` Վարուժան Ներսիսյանի օգտին:




























