News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան չի ցանկանում, որ այդ մարդիկ մնան իր տարածքում, քանի որ կան մշակութային տարբերություններ, և նրանց ներկայությունը կարող է սոցիալական և այլ խնդիրներ առաջացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միգրացիոն պետական ​​ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Մեծ Բրիտանիան ցանկանում է Հայաստանի հետ համաձայնագիր կնքել փախստականներին Հայաստան արտաքսելու վերաբերյալ՝  նրանց ապաստանի դիմումների քննարկման ընթացքում՝ գումարի դիմաց։

Նրա գնահատմամբ, Բրիտանիան ցանկանում է ձերբազատվել այդ խնդիրներից և դրանք դնել այլ երկրի ուսերին։

«Չեմ կարծում, որ սա կարող է ստեղծել մի իրավիճակ, որը կծառայի Հայաստանի շահերին»,- նշել է նա։

Եգանյանը չի բացառել, որ այս մարդկանց մոտ դժգոհություն կարող է առաջանալ, քանի որ նրանք Բրիտանիա են ժամանել իրենց սոցիալական խնդիրները լուծելու նպատակով։

«Նրանք ակնկալում են Բրիտանիայում կամ պաշտպանություն, կամ բնակվելու իրավունք, կամ աշխատանք ստանալ։ Եթե ​​նրանց տեղափոխեն այլ երկիր, դա կարող է առաջացնել նրանց դժգոհությունը, քանի որ նրանց սպասելիքները չեն արդարանա։

Մարդկանց անհասկանալի, ագրեսիվ զանգվածը Հայաստան բերելը մեզ չի կարող օգուտ տալ։ Չեմ կարծում, որ այս իրավիճակը, բացի բացասական հետևանքներից, այլ բանի կարող է հանգեցնել ընդունող կողմի համար։

Ավելի վաղ նմանօրինակ առաջարկ էր ստացվել Իսրայելից, սակայն Հայաստանը դրան բացասական պատասխան տվեց։ Իսրայելը նույնպես ցանկանում էր ազատվել ապաստան հայցողներից»,- հավելել է փորձագետը։

Հիշեցնենք, որ Times թերթը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից արտահոսքը, գրել էր, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բանակցություններ է վարել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ՝ Ռուանդայի հետ կնքած համաձայնագրի նման համաձայնագիր կնքելու համար։  

Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն իր հերթին վստահեցրել է, որ հայկական կողմը բովանդակային և տեխնիկական բանակցություններ չի վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ անօրինական միգրանտներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ