Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն նախօրոք հայտնել էին, որ աշխատանքների վերջնաժամկետը մայիսի 15-ն է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեցին Կիրանցի բնակիչները:
«Այս պահին աշխատանքներ չեն ընթանում, մարդիկ ուղղակի սպասում են՝ թե ինչ է լինելու,-պատմեցին գյուղացիները:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Կիրանց գյուղի հատվածում առանց պաշտոնական պարզաբանման ժամանակավորապես կասեցվել էին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Հիշեցնենք, որ Տավուշից մեկնարկած երթը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 9-ին հասավ Երևան, և հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը իշխանափոխության պահանջ դրեց: