Լիբիայի իշխանությունները հրաժարվել են Միջազգային քրեական դատարանի դատավորներին (ՄՔԴ) թույլատրել միջամտել սպանված Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի գործին: Այս մասին հաղորդել է Հաագայի դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, որը գտնվում է Տրիպոլիում:
AFP-ի տեղեկացմամբ` նա ասել է, որ Լիբիան ՄՔԴ-ին կարող էր թույլատրել մասնակցել դատավարությանը, բայց որոշել է չդիմել այդ քայլին: Դա նորմալ է, եւ դա նրա իրավունքն է:
Մորենո-Օկամպոն հույս է հայտնել, որ լիբիացիները ճիշտ որոշում կկայացնեն, նաեւ նշել է, որ Հաագայի դատարանը արդար դատավարության անցկացումը վերահսկող համակարգ չէ, այն հարկավոր է որպես անպատժելիության բացակայության երաշխիք:
Ինչպես նշել է դատախազը, իր լիազորությունների մեջ չի մտնում արդար դատավարության անցկացման կարգի բացատրությունը: Նրա խոսքով` այնքան շատ ավանդույթներ կան, որ դժվար է սահմանել, թե դրանցից որոնք են ամենաարդարները:
Հիշեցնենք, շաբաթ օրը Լիբիայի Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) զինված խմբավորումների ներկայացուցիչները հայտնել էին Նիգերի սահմանը հատել փորձող Սեյֆ ալ Իսլամի ձերբակալման մասին: Մի քանի ժամ անց նրան տեղափոխել էին լիբիական Զինթան քաղաք: Լիբիայի ԱԱԽ-ն որոշել էր, որ Սեյֆ ալ Իսլամը պետք է կանգնի ազգային դատարանի, այլ ոչ թե ՄՔԴ-ի առջեւ, որը նրա ձերբակալման հրահանգ էր տվել` մարդկության դեմ գործած ոճրի մեղադրանքով:




























