Հարավային Կորեան իր բանակը մարտական բարձր պատրաստականության վիճակի է բերել: Շտաբի պետերի միավորված կոմիտեն նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ այսօր` դեկտեմբերի 19-ին, հայտնի է դարձել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան մասին:
Մասնավորապես, խստացվել է երկու Կորեաների սահմանի հսկողությունը: Առայժմ սահմանին ոչ մի ակտիվություն չի նկատվում:
Համաձայն կոմիտեի հաղորդագրության` այսօր իրավիճակը քննարկելու նպատակով նաեւ արտակարգ խորհրդակցություն կհրավիրվի, տեղեկացնում է հարավկորեական «Ռենհափ» գործակալությունը:
Հիշեցնենք, Կիմ Չեն Իրի մահվան լուրը դեկտեմբերի 19-ին հաղորդել է հյուսիսկորեական պետական հեռուստաընկերությունը: Ինչպես պարզվել է, 69-ամյա բռնապետը մահացել է դեկտեմբերի 17-ին, սրտի կաթվածից:




























