«Սի էս» մեդիահոլդինիգը, որի մեջ գործում են «Արմենիա», «Արմնյուզ» եւ «ATV» հեռուստաընկերությունները, վերանվանվում է «Պանարմենիան», որի գլխավոր պրոդյուսեր է նշանակվելու ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչ Քեշիշյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե իրեն «ATV»-ի տնօրենի պաշտոնից ազատել են եւ կնշանակեն «Արմենիա», «Արմնյուզ» եւ «ATV»-ի հեռուստաընկերությունների գլխավոր պրոդյուսեր:

«Պարտավորություններն ու պատասխանատվությունն ավելի մեծ է: Առաջին գործը, որ պետք է արվի, «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության նոր գրանդիոզ պրոյեկտն է, որն արդեն սկսվել է»,- ասաց նա` հավելելով, որ նոր պաշտոնը իր սրտով է, աշխատում են մեծ թիմով եւ փորձում են նոր ու հետաքրքիր լավ բան ստեղծել:

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների`  երկու օր առաջ, երբ Հրաչ Քեշիյանին ազատել են աշխատանքից, վերջինս չնախատեսված ժողով է հրավիրել, եւ ընդլայնված ժողովի շրջանակներում բոլորի համար անսպասելի հայտարարել, թե աշխատանքից ազատված է նաեւ «ATV»-ի հեռուստաընկերության «Փաստ» մեդիա ցանցի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը:

Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ «ATV»-ի տնօրեն Հրաչ Քեշիշյանը ժողով է հրավիրել եւ առանց որեւէ հիմնավորման աշխատանքից ազատել է իրեն: Նա նշեց, որ երբեւէ կոնֆլիկտ չի ունեցել Հրաչ Քեշիշյանի հետ: «Նա իմ կոլեգան է, ես չեմ կարող նրա մասին վատ բան ասել»,- նշեց Վարդուհի Սիմոնյանը: Իսկ թե ինչ կլինի «Փաստի» հետ, նախկին գլխավոր խմբագիրը նշեց, որ ծրագիրը կխեղեն եւ կհասցնեն մահվան դուռը: Այժմ Վարդուհի Սիմոնյանը առնվազն 4 հեռուստաընկերություններից առաջարկներ ունի եւ մյուս շաբաթ պարզ կլինի, թե որտեղ կանցնի աշխատանքի, այժմ ընթանում են բանակցություններ:

«Ես հեռուստատեսության մասնագետ եմ: Ես ու հեռուստատեսությունը դատապարտված ենք լինել իրար հետ, բոլորը ստիպված են հաշտվել այդ փաստի հետ»,- նշեց  Վարդուհի Սիմոնյանը:

Փորձեցինք Հրաչ Քեշիշյանից էլ ճշտել, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատել Վարդուհի Սիմոնյանին: «Վարդուհի Սիմոնյանի աշխատանքային պայմանագիրը ավարտվել եւ ուղղակի չի շարունակվել»,- ասաց նա` չցանկանալով մանրամասնել, թե ինչ պատճառով չի շարունակվել պայմանագիրը: Նա հավաստիացրեց, որ դժգոհ չէ Վ. Սիմոնյանի աշխատանքից. «Շատ հետաքրքիր կոնցեպտով սկսվել է «Փաստ» մեդիա ցանցը, եւ դա բնականաբար գլխավոր խմբագրի շնորհիվ է: Կարծում եմ, հիմա «Փաստ» մեդիացանցն այլ ուղղությամբ պետք է շարունակի իր աշխատանքը եւ Վարդուհի Սիմոնյանը կունենա այլ պարտականություններ մեդիահոլդինգում կամ որեւէ այլ տեղ»,- ասաց նա` չբացառելով իր եւ Վարդուհի Սիմոնյանի հետագա համատեղ աշխատանքը:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` «ATV»-ի տնօրեն Հրաչ Քեշիշյանին պաշտոնանկ են արել եւ նրան կնշանակեն «Արմենիա», «Արմնյուզ» եւ «ATV»-ի հեռուստաընկերությունների գլխավոր պրոդյուսեր:  Ըստ տեղեկությունների`  երկու օր առաջ, երբ Հրաչ Քեշիյանին ազատել են աշխատանքից, վերջինս չնախատեսված ժողով է հրավիրել, եւ ընդլայնված ժողովի շրջանակներում բոլորի համար անսպասելի հայտարարել է, թե աշխատանքից ազատված է նաեւ «ATV»-ի հեռուստաընկերության «Փաստ» մեդիա ցանցի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը: