«Գազպրոմ մեդիա» հոլդինգը, որը վերահսկում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բաժնետոմսերի 66%-ը, պահանջել է ռադիոկայանի տնօրենների խորհրդի վաղաժամկետ հրաժարականը եւ անկախ տնօրենների փոփոխություն:

Այս մասին իր Twitter-ում գրել է «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նա հստակեցրել է, որ տնօրենների խորհրդի իրենց պաշտոնը լքում են եւ ինքը, եւ իր տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեեւը, ընդ որում` ավելացնելով, որ իր հեռանալը կապված է անձնական դիրքորոշման հետ, այլ ոչ թե բաժնետերերի պահանջների:

«Մեր փոխարեն ես ցուցակում մուտքագրել եմ  Ֆեդուտինովին (ռադիոկայանի գլխավոր տնօրեն): Թող հիմա նա այնտեղ գալարվի», - գրել է Վենեդիկտովը:

Ռադիոկայանի  գլխավոր խմբագիրը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 14 տարի, նշել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնից իր հրաժարականի հարցը չի դրվել: Ըստ «Էխո Մոսկվի»-ի կանոնադրության` ինքը գլխավոր խմբագիր կմնա եւս երկու տարի, մինչեւ հերթական ընտրությունները: Վենեդիկտովը նաեւ եզրակացրել է, որ տնօրենների կազմի փոփոխությունը ռադիոկայանի քաղաքականության ինքնաբերաբար փոփոխություն չի նշանակում, քանի որ քաղաքականության համար պատասխանատու է գլխավոր խմբագիրը: 

«Դա վալենտինկա էր գազպրոմմեդիայից:))», - վերջում կատակել է նա: Նրա միկրոբլոգի հետեւորդներից մեկը` փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովն ի պատասխան եւս հեգնել է. «Գազպրոմ-մեդիայից վալենտինկան նման է Ջոն Սիլվերից ստացած սեւ նշանի», գրում է  utro.ru-ն:

Վերջին ժամանակներս ռադիոկայանի գործունեությունը հաճախակի է առաջացրել իշխանատերերի դժգոհությունը: Այսպես, վարչապետ Վլադիմիր Պուտինը վերջերս քննադատել է  «Էխո»-ին կտրուկ արտահայտությունների համար: