Ազգային ժողովն այսօրվա նիստում ընդունել է նախօրեին քննարկված բոլոր օրինագծերը: Իսկ այսօր բուռն է եղել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը: Օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է ոստիկանությանը թույլատրել հանրային վայրերում տեսա- եւ լուսանկարահանող սարքեր տեղադրել, ինչպես նաեւ օգտագործել արդեն տեղադրված սարքերի ձայնագրությունները: Դեմ արտահայտվող պատգամավորները սա մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանության ներխուժում են համարում:

Նիկոլ Փաշինյանը նախաձեռնությունը կապում է ապրիլի հետ. ասում է՝ իշխանությանը երաշխիքներ են պետք, ուզում են տեղյակ լինել, թե ինչ են անում ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանական գործիչները. «Այնպես որ՝ ժպտացեք, ձեզ նկարահանում են»: Շարմազանովը հակադարձել է օրինագծի ընդդիմախոսներին. փոփոխության նպատակը քաղաքացուն պաշտպանելը, հասարակական կարգը պահպանելն է: Օրինագիծը, ամեն դեպքում, 57 կողմ եւ 31 դեմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Կառավարության անդամների հետ այսօրվա հարցուպատասխանը նույնպես թեժ է անցել, իսկ պատգամավորների թիրախում հիմնականում արձակուրդից նոր վերադարձած վարչապետն է եղել: Էդմոն Մարուքյանի հարցը հենց արձակուրդին է վերաբերել: Հիշեցրել է Կարեն Կարապետյանի՝ ամանորյա տոներին արձակուրդային օրերը կրճատելու մասին որոշումը, եւ հարցրել, թե ինչպես ստացվեց, որ տոներից անմիջապես հետո վարչապետն արձակուրդ գնաց: Թանկացումների մասին հարցով Մարուքյանը որոշել է նեղը գցել վարչապետին, բայց Կարապետյանը դրան էլ է պատասխանել:

Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության անդամների համար վիճակագրական տվյալներ էր պատրաստել. կարտոֆիլը թանկացել է, կարագը թանկացել է, բայց էժանացած մթերքներ էլ կան՝ խառը կանաչի, սոխ, սխտոր: Ուրեմն ի՞նչ ուտեն աղքատները հարցի համար Փաշինյանը նաեւ պատասխանի տարբերակներ էր պատրաստել: Ամբիոնին մոտեցած Վաչե Գաբրիելյանը որոշել է նույն ոգով պատասխանել. պետք է ընտրել ամենաշատ կալորիականություն ունեցողը:

Շարունակում է օրակարգում մնալ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի հարցը: Արդեն անուններ են շրջանառվում, սակայն հանրապետականները դեռ հորդորում են սպասել կուսակցության քննարկման արդյունքներին: Ամեն դեպքում, Վահրամ Բաղդասարյանն այսօր երկու գործիչների մասին խոսել է. Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների թվում չէ: Ինչ վերաբերում է շրջանառվող մյուս թեկնածուին՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին. Բաղդասարյանը չի բացառել, որ նրա թեկնածությունը նույնպես քննարկվի: Փակագծեր բացել չի ցանկացել նաեւ Գալուստ Սահակյանը: Իսկ նախկինում Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարող հանրապետական պատգամավորն այսօր էլ այլ բան է ասել:

Ազգային ժողովի որոշմամբ՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություն է եղել. պատվիրակության «հնաբնակ» Հերմինե Նաղդալյանին այսուհետ փոխարինելու է մեկ այլ պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը: Նաղդալյանը լրագրողներին ասել է, որ չի նեղվել այս որոշումից, այդ մասին նախագահի հետ համաձայնություն է եղել: Փոխարենն իրեն ԵԱՀԿ-ում մեր պատվիրակության ղեկավար են նշանակել: Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանի հետ հարաբերություններին. Հերմինե Նաղդալյանը չի հերքել, որ դրանք, մեղմ ասած, բարիդրացիական չեն, փոխարենը վստահեցրել է, որ անձնական խնդիրները երբեք աշխատանքային դաշտ չի բերում:

Այս օրերին շատ քննարկվող եւս մեկ թեմայի՝ քաղաքացու հետ պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան լեզվակռվի մասին: Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը սոցցանցում գրառմամբ կոչ էր արել միանալ վիրավոր զինծառայողի բուժման համար դրամահավաքի նախաձեռնությանը: Օգտատերերից մեկը սա բոշայություն էր որակել, ինչին հետեւել էր նախարարի պատասխանը. «Բոշան դու ես»: Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի ցանկանում, իր խոսքով, խտացնել գույները, բայց եւ չի կարողանում արդարացնել կուսակից նախարարին. «Բոլոր տեսակի շփումներում պետք է պահպանել քաղաքավարության կանոնները, դա վերաբերում է նաեւ իշխանության ներկայացուցիչներին»:

Մոսկվաբնակ հայ ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. 1.5 տարեկան երեխա է մահացել: Տղայի մարմինը հայտնաբերել են երեկ: Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով. 3 տարեկան քրոջ հետ խաղալիս փոքրիկի գլուխը մնացել է մահճակալի վերին եւ ստորին ճաղերի միջեւ: Երեխաների 29-ամյա մայրն այդ պահին հարեւան սենյակում է եղել: Իրավապահները պարզում են պատահարի մանրամասները: Միաժամանակ, նշվում է, որ ընտանիքը բարեկեցիկ է, իրավապահ եւ խնամակալության մարմիններում երբեւէ հաշվառված չի եղել:

Ռուսական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, թե Հայաստանի քաղաքացիների պատճառով ռուսական օդանավի թռիչքը Մեքսիկայից երկար ժամանակով հետաձգվել է: Ըստ այդ աղբյուրների՝ «Ռոսիա» ավիաընկերության օդանավը չի կարողացել ժամանակին չվերթ իրականացնել, քանի որ Մեքսիկայի միգրացիոն ծառայությունը որոշել է ռուսական չարթերային չվերթով Հայաստանի 4 քաղաքացիների արտաքսել: Հայկական կողմը, սակայն, հերքել է այս լուրը: Մեքսիկայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ Կանկունից ռուսական օդանավի թռիչքի ուշացման պատճառն ավիաընկերության կուտակած պարտքերն են օդանավակայանին եւ Հայաստանի քաղաքացիների հետ ոչ մի կապ չունի:

Նոր մանրամասներ Ստամբուլում ձերբակալված հայ ուսանողի մասին: Արտգործնախարարությունը պարզել է, որ նա Հայաստանի քաղաքացի չէ: Գերատեսչության խոսնակ Տիգրան Բալայանի տեղեկացմամբ՝ 24-ամյա Մ.Մ.-ն, որը սովորում է Ստամբուլի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում, Թուրքիայի քաղաքացի է: Հիշեցնենք, որ թուրքական մամուլն օրերս գրել էր, որ Ստամբուլում անչափահասների մասնակցությամբ պոռնոֆիլմ ներբեռնելու կասկածանքով հայաստանցի ուսանող է ձերբակալվել: Երիտասարդին մեղադրում են մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու եւ տարածելու համար: Նրա համակարգչում բազմաթիվ նման տեսանյութեր են հայտնաբերել:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխան են ունեցել: Փոքրիկին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Հայուհին անձամբ է իր կայքում հայտնել դստեր ծննդի մասին: Նշենք, որ Քիմն ու Քանյեն փոխնակ մորը 45 հազար դոլար են վճարել: Քիմ Քարդաշյանը նաեւ հսկայական գումար՝ ավելի քան 500 հազար դոլար է ծախսել նորածնի սենյակը կահավորելու եւ զարդարելու համար: Իսկ ինտրիգների սիրահար հոլիվուդյան մամուլն ու համացանցի օգտատերերն այսօր նոր տեղեկություն են տարածել: Գրում են, որ զույգի փոխնակ մայրը Քիմի քույրն է՝ Քայլի Ջեները, իսկ մինչ այս տարածվող սեւամորթ հղի կնոջ լուսանկարներն ուշադրությունը շեղելու համար էին կամ Քարդաշյանների ընտանիքի հերթական փիար ակցիան:

Դոլարը շարունակում է էժանանալ, իսկ եվրոն թանկացել է: Հունվարի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 53 լումա, ֆունտինը՝ 666 դրամ:

Հունվարի 18-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում թույլ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7, որոշ շրջաններում՝ 11-13 աստիճանով: Երեւանում նույնպես տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +5+7 աստիճան տաքություն: