Հյուրանոցի համարում, որտեղ մահացել է Ուիթնի Հյուսթոնը, կոկային է հայտնաբերվել: Այդ մասին ասվում  է դատական զեկույցում, որը կազմել է Լոս Անջելեսի դատաքննիչը:

Beverly Hilton հյուրանոցում, որտեղ իր վերջին ժամերն է անցկացրել երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, կոկային են գտել:
Ինչպես հաղորդվում է Լոս Անջելեսի դատաքննիչի զեկույցում, համարում գտնվել է սպիտակ փոշենման նյութ եւ գդալ` սպիտակ փոշու հետքերով: Ավելի ուշ փորձաքննությունը պարզել է, որ տվյալ նյութը կոկային է:

Զեկույցը նաեւ վկայում է, որ Հյուսթոնը մահից առաջ ալկոհոլ եւ մարիխուանա է օգտագործել: Դրանում նաեւ ասվում է, որ երգչուհու օգնականը նրան գտել է լցված լոգարանում, դեմքով դեպի ներքեւ վիճակով, հաղորդում է utro.ru-ն` հղում անելով CBS-ն:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդել էին, որ Հյուսթոնին թմրամիջոցներ մատակարարող անձը հասցրել է համարից հանել դրանք` նախքան ոստիկանության ժամանումը:

Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին Լոս Անջելեսում, 48 տարեկան հասակում, Grammy մրցանակաբաշխության արարողության նախօրեին` Beverly Hills հյուրանոցի իր համարում: Փորձաքննությունը ցույց է տվել, որ Հյուսթոնը խեղդվել է լոգարանում: Մահվան պահին երգչուհին թմրադեղերի ազդեցության տակ է եղել: