Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավճիռը չի բողոքարկվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը: Հարցին, թե ինչո՞ւ նման որոշում կայացվեց, պաշտպանը պատասխանեց. «Թեեւ Թամամյանը դատավճիռն իր տեսակի մեջ որակեց որպես ակնհայտ անարդարացի, ակնհայտ խիստ` պատժատեսակի ու պատժաչափի առումով, այնուամենայնիվ, հրաժարվեց բողոքարկել: Նա պատճառաբանել է, որ արդեն 4 տասնամյակ ամբասիր ծառայել է ոստիկանության համակարգում, իր պետությանը եւ միայն խրախուսանքներ ու պետական կառավարական պարգեւներ է ունեցել, հետեւաբար` լինելով համակարգի եւ պետության նվիրյալ, նա այսօր անիմաստ է գտնում բողոքարկել նման դատական ակտը»:
Միաժամանակ պաշտպանը նշեց, որ Թամամյանը չունի ու չի էլ ուզում, որեւէ ակնկալիք ունենալ դատական համակարգից, ինչը պայմանավորված է արդեն իսկ կայացված ակնհայտ անհիմն դատական ակտով: Նրա փոխանցմամբ, Թամամյանը պետական մարդ է եւ իր պետությանը դեմ չի գնա:
Ինչ վերաբերում է պաշտպանի կարծիքին, ապա այն բոլորովին ուրիշ է. «Ես մտածում եմ, որ անկախ ամեն ինչից, ապացույցները կփլուզվեին բողոքարկան դեպքում, բայց իր ընտրած դիրքորոշումը ինձ համար միանշանակ է, հետեւաբար ես իր դիրքորոշումը պարտավոր եմ պահպանել ու պաշտպանել»:
Ավելի վաղ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ իր ուղեղի մեջ չի տեղավորվում այդ դատավճիռը: «Նման անհիմն, անօրինական, մի տեսակ հաշվեհարդարային դատավճիռ ես չէի պատկերացնում: Հատկապես այն առումով, որ դատախազն ինչ ուզեց, դատավորն ընդունեց ու վճիռ կայացրեց»,-ասել էր նա ու հավելել, որ Թամամյանի նկատմամբ պարտավոր էին պայմանական կիրառել, ոչ թե ազատազրկել: Ավելին` դատախազը նույն հոդվածով մյուս 2 ամբաստանյալների համար 2.5 տարի է պահանջել, իսկ Հովհաննես Թամամյանի համար` 3 տարի: Վաղինակ Գեւորգյանը նաեւ փոխանցել էր, որ Հովհաննես Թամամյանը դատավճռից շատ դժգոհ է եւ այդ դժգոհությունն արդարացի է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը: Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվել են 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:




























