Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Նյու Յորքի Սիթի կենտրոնում երեք համերգ կտա` երեք տարի անց այն համերգից, որով նա ներկայացել էր այս նույն բեմում «հրաժեշտի շրջագայության» շրջանակում: Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ ոչ այն, ոչ էլ ներկայիս համերգներն իրականում հրաժեշտի չեն: «Այդ տերմինը մի լրագրողի է պատկանում, որին, ըստ ամենայի, ես ձանձրացրել էի: Բայց նրա մոտ ոչինչ չստացվեց, ես դեռ այստեղ եմ»,-ժպիտով պարզաբանել է արտիստը:
Մամլո ասուլիսը տեղի է ունեցել հյուրախաղերի կազմակերպիչների` հայտնի իմպրեսարիոներ Սերգեյ եւ Գայանե Դանիելյանների «Արդանի արտիստս» պրոդյուսերական ընկերությունում` Սիթի կենտրոնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ելույթի ծրագրի հարցում մաեստրոն դեռ չի որոշակիացել, սակայն տեղեկացրել է, որ կարող է երգել երեք լեզվով` ֆրանսերեն, անգլերեն եւ իսպաներեն:
Շանսոնյեն պատմել է նաեւ, որ իր ամենանվիրական երազանքներից մեկն էլ Մոսկվայի Կարմիր հրապարակում երգելն է: Նա հույս է հայտնել, որ այդ համերգը երբեւէ տեղի կունենա: «Աշխարհում եւս երկու վայր կա, որտեղ կցանկանայի երգել` հունական Ակրապոլիսում եւ եգիպտական բուրգերի մոտ: Եգիպտոսում համերգին խանգարեց այնտեղ տեղի ունեցած հեղափոխությունը, սակայն կարծում եմ, դեռ այնտեղ կլինեմ»,-նշել է երգիչը: Նա ավելացրել է, որ «հանդիսատեսն իր համար ամենուր նույնն է` լինի Փարիզում, Նյու Յորքում թե մեկ այլ տեղ»: Խոսելով այն մասին, թե որ քաղաքներում կցանկանար ապրել` Ազնավուրը նշել է Մոնրեալը, Բրյուսելը, Նյու Յորքն ու Միլանը:
Ներկայումս հռչակավոր շանսոնյեն համագործակցում է շատ երիտասարդ երիաժիշտների հետ: «Ես համագործակցում եմ երիտասարդների հետ, որոնց երաժշտական մշակույթը շատ է տարբերվում մերից: Իհարկե, ես նրանց վրա ազդեցություն ունենում եմ, բայց ոչ երաժշտական առումով: Նրանք ինձնից վերցնում են այն, թե ինչպես եմ ես ստեղծել իմ կարիերան, ինչպես եմ ապրում»,-պատմել է Ազնավուրը:
«Որն է պատճառը, որ դուք դեռ բեմում եք եւ ելույթ եք ունենում հանդիսատեսի առջեւ այն դեպքում, երբ ձեր տարիքում շատերը գերադասում են առանց սթրեսների հանգիստ կյանքը», այսպիսին է եղել մամուլի ասուլիսի ժամանակ Ազնավուրին ուղղված վերջին հարցը: «Որովհետեւ ես սիրում եմ կյանքը»,-մեկ վայրկյան իսկ չմտածելով` ասել է 88-ամյա մաեստրոն:
Փարիզում հայ ներգաղթյալների ընտանիքում ծնված Վաղինակ Ազնավուրյանը Շառլ Ազնավուր է դարձել ինը տարեկանում, երբ առաջին անգամ ելույթ ունեցավ հանդիսատեսի առջեւ: Նրա երաժշտական կարիերային մեծ խթան է հաղորդել Էդիթ Պիաֆի հետ ծանոթությունը, որը նրան հրավիրել է մասնակցելեու Ֆրանսիայում 1946թ. հյուրախաղերին:
Ազնավուրը բազմաթիվ պարգեւներ եւ տիտղոսներ ունի. 1998 թ. նա ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային երգիչը:
Նա մասնակցում է բարեգործական ծրագրերի աշխարհի տարբեր երկրներում, սակայն նրա գլխավոր նախագիծը Հայաստանին ցուցաբերած օգնությունն է համարվում, որով նա սկսել է զբաղվել 1988 թ. երկրաշարժից հետո: 1990-ականներին Ազնավուրը Հայաստանի ներկայացուցիչն է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, իսկ 2009թ-ից` Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը:




























