«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարություններն այն մասին, թե հայ-թուրքական սահմանը կբացվի միայն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո, եւ որ այդ երկու հարցերը փոխկապակցված են միմյանց, առաջին անգամը չէ, որ լսում ենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 4-ին Թուրքիայի վարչապետի՝ ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։
Նշելով, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, փաստացի կերպով, ղարաբաղյան հիմնախնդրի եւ Թուրքիայի հետ սահմանի բացման հարցի փոխկապակցվածության մասին որեւէ խոսք չկա, ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման նախօրեին Թուրքիայի վարչապետի կողմից արված հայտարարությունն «ընդամենը փորձ է՝ ավելի թանկ գնով վաճառելու հայ-թուրքական սահմանի բացումը»։ «Սա կարծես առեւտուր է, եւ Էրդողանն էլ, ասես, փորձում է առավելագույն կերպով շահած դուրս գալ այդ առեւտրից»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված իր հարցազրույցում Թուրքիայի վարչապետը նշել էր. «Հայ-թուրքական հարցը կապված է ղարաբաղյան խնդրի հետ: Ես այդ մասին ուղիղ ասել եմ Բարաք Օբամային եւ Դմիտրի Մեդվեդեւին, ովքեր խոստացել են արագացնել գործընթացը»։




























