Արաբական Միացյալ Էմիրություններն աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը հանգամանորեն քննարկել են բազմաթիվ բնագավառներում փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր, կարեւորել Հայաստանի և Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, ինչը հնարավորություն կընձեռի պարբերաբար քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման եւ ամրապնդման խնդիրների շուրջ:

Անվար Գարգաշը Նալբանդյանին է ներկայացրել մերձավորարեւելյան կարգավորման ներկա վիճակը, իսկ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը տեղեկացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, ինչի կապակցությամբ ԱՄԷ պետնախարարն ասել է, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին: