Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Սորսիո» ընկերությունը չի վաճառվել, սակայն նպաստել է, որ Հայաստան մտնի հայտնի GFI ընկերությունը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սորսիո» ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը: Նրա խոսքով` «Սորսիոյի» անձնակազմի մեծ մասը տեղափոխվել է այդ ընկերություն:

GFI -ը ծրագրային մշակման միջազգային ճանաչում ունեցող ընկերություն է, գրասենյակներ ունի բազմաթիվ երկրներում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Հայաստանում զբաղվելու են ծրագրային մշակմամբ, արտադրանքի հիմնական սպառումը լինելու է Հայաստանում, այսինքն` աութսորսինգ չի լինելու:

Ըստ Հ. Ավոյանի` այսօր Հայաստանում շատ դժվար է գտնել որակյալ աշխատուժ, սակայն GFI-ին ոգեւորել է «Սորսիոյի» հաջողությունը: «Սորսիոն» Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ ճարտարագիտական եւ Հայաստանի պետական համալսարանում ստեղծել էր JAVA-ի տեխնոլոգիաների լաբորատորիաները, որտեղ իրականացվել է ուսանողների վերապատրաստում: GFI-ը հույս ունի նմանատիպ գործընթաց սկսել եւ լուծել կադրերի հարցը:

GFI-ն առաջարկում է անվտանգության ծրագրեր, հակավիրուսներ, ցանցերի կառավարման համակարգեր: