ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ինչն առաջ է բերել որոշ ամերիկահայ ակտիվիստների անհանգստությունը, գրում է The Kansas City Star-ը։

Հրապարակման համաձայն՝ "այդ ակտիվիստները եւ ԱՄՆ Կոնգրեսում նրանց համախոհները ջանքեր են թափում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունել։ Սակայն ամերիկացի եւ թուրք գործիչների համար այդ հարցն առաջնային չէ։ Ավելին, այն խոչընդոտ է հանդիսանում։

Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ գործընկերային առանձնահատուկ հարաբերություններ են։ Ահաբեկչությունը մեր ընդհանուր խնդիրն է, որը մենք փորձում ենք լուծել համատեղ ուժերով»։

Թերթն այնուհետեւ հայտնում է, որ "լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը խուսափել է այն հարցից, թե քննարկե՞լ են Օբամայի հետ Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցեր։ Ամեն դեպքում, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Անկարան համապատասխան կերպով կարձագանքի այդ հարցի առնչությամբ բանաձեւ ընդունելու ԱՄՆ փորձին։

Արժե նշել, որ շատ պատմաբաններ «ցեղասպանություն» տերմինն օգտագործում են որպես Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերի ճիշտ որակում, սակայն Թուրքիան ամեն կերպ դիմակայում է դրան։

The Kansas City Star-ը հայտնում է նաեւ, որ "Օբաման կոչ է արել Էրդողանի՝ շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բացի այդ, երկու առաջնորդները քննարկել են Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում եւ աֆղանական հիմնախնդում ու ընդգծել, որ հանդիպումն անցել է փոխվստահության մթնոլորտում։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նաեւ, որ «տրամադրված է ավելի ու ավելի խորացնել Թուրքիայի հետ համագործակցությունը»։