ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լռությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն ուղիղ հայտարարության նկատմամբ, թե ղարաբաղյան հակամարտությունը կապված է հայ-թուրքական գործընթացի հետ, անհանգստության տեղիք է տալիս: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Միեւնույն ժամանակ, ըստ Սաֆարյանի, Օբամայի դիրքորոշումը հասկանալի է, քանի որ հայ-թուրքական մերձեցման գործընթացում նախապայմանների մասին հայտարարվել է հրապարակայնորեն, երբ կողմերը մի շարք պայմանավորվածությունների են հանգել:
«Այդուհանդերձ, փաստը, որ Օբաման այդ արտահայտություններն անպատասխան է թողել, մեծ ռիսկեր է առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար»,- նկատել է պատգամավորը: Նա ցավով ընդգծել է, որ թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքական հարցերի լուծման բանալիները Սերժ Սարգսյանի ձեռքում չեն: Դրանք, ըստ Սաֆարյանի, գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, եւ այդ իրավիճակում միակ լուրջ բանը մնում է վերանայել Երեւանի դիրքորոշումն այդ հարցերում:
Ստեփան Սաֆարյանը հիշեցրել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս առաջարկել է հստակ, հիմնավորված եւ ճիշտ լուծումներ այդ գործընթացների համար, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեռ ցածր իմունիտետ ունի եւ անընդունակ է: «Այսօր գնդակը մեր իշխանությունների դաշտում է»,- նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ դեռ կարելի է օգտվել «Ժառանգության» առաջարկներից՝ իրավիճակը փրկելու համար:
Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին Էրդողանը Վաշինգտնում հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունները չեն կարող խառնվել խորհրդարանի աշխատանքին եւ լուծում պարտադրել: «Բայց մինչեւ այդ հարցը խորհրդարանական հանձնաժողովներում քննարկելը՝ Թուրքիան ցանկանում է դրական առաջընթաց տեսնել ղարաբաղյան հարցում եւ Մինսկի խմբի ջանքերում»,- ասել էր նա:




























