Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայում մեծապես կախված է ղարաբաղյան հարցի կարգավորումից, հասցեագրված չէ ո՛չ ամերիկյան, ո՛չ հայկական լսարաններին. Այն հասցեագրված է Թուրքիայի փոքր եղբորը՝ Ադրբեջանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանը։
Նրա խոսքով, թուրք չինովնիկների շուրթերից հնչող նմանօրինակ հայտարարություններն առաջին հերթին հարվածում են այդ երկրի միջազգային հեղինակությանը։ Աղաջանյանը խորհուրդ տվեց լուրջ չընդունել Էրդողանի հայտարարությունները։ Նա ընդգծեց, որ հայ-թուրքական երկխոսությունը կշարունակվի՝ չնայած թուրքական իշխանությունների կողմից արված նմանօրինակ հայտարարություններին։ "Եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա միջազգային հանրության աչքում կկորցնի իր հեղինակությունը, ինչին հակառակ՝ կավելանա Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Ի վերջո, ղարաբաղյան հարցում ի՞նչ զիջումներ են սպասում հայկական կողմից Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հայաստանը պարտավոր չէ գնալ զիջումների։ Որպես պարտված կողմ՝ զիջումների պետք է գնա Ադրբեջանը,- հայտարարեց Աղաջանյանը։




























