Պաշտոնյաները, չինովնիկները, քաղաքապետերը ժողովրդին վախեցնում են, որովհետեւ ցանկանում են մնալ իրենց պաշտոնին, բայց ժողովուրդը պետք է ընտրության գնա ապագայի եւ երեխաների մասին մտածելով: Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կապան քաղաքում ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ քաղաքացիները պետք է իրենց ձայնը տան այն ուժին, ում հավատում են:
«Ամենակարեւորն` այսօր օրենսգիրքը շատ խստացված է, եթե որեւէ մեկը ձեզ պարտադրում է, որ պետք է գնաս հեռախոսով նկարես բերես, այ դրա համար քաղաքացուն պատիժ է հասնում երեք տարի»,- ասել է Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահը հանդիպմանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, նշել, որ այսօր փոփոխությունների անհրաժեշտություն կա: Մարդկանց համար հնարավորություն պետք է ստեղծել, որ իրենց աշխատանքով կարողանան ընտանիք պահել, արտագնա աշխատանքի գնացածները հետ գան իրենց ընտանիքներ:
«Շրջելով Հայաստանով մեկ` բոլոր քաղաքները, գյուղերը, մարզերը, տեսնելով ժողովրդի ջերմությունը, սպասելիքը, հույսը, մեկ անգամ եւս պարտավորված ես քեզ զգում: Իրոք դժվար է, ծանր է, բայց մարդ մինչեւ իրեն նեղություն չտա, չի կարող լավ բան անել: Ես պատրաստ եմ այդ ծանրության, այդ դժվարության տակ լինել: Ոսկի սարեր չեմ խոստանում, բայց ամենակարեւորը, ինչ-որ ասում եմ, դրանից ավել իրականություն է դառնալու», - ասել է Ծառուկյանը:




























