Մաշտոցի պուրակի ակտիվիստները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր, ապրիլի 29-ին, ակտվիստները շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ բռնի ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), ինչպես նաեւ անձամբ հրամանատարական անձնակազմից Ռ. Մելքոնյանը, Կ. Մովսիսյանը եւ Վ. Օսիպովը քաշքշել են, հարվածել են, նետել են գետնին, փորձել են խեղդել, հայհոյել են, սադրել են, վիրավորել են քաղաքացիներին եւ առգրավել երկու վրան: Բռնությունների հետեւանքով տասից ավելի ակտիվիստներ սալջարդերով, ծնոտի կոտրվածքով, կողոսկրերի եւ ներքին օրգանների վնասվածքներով տեղափոխվել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց հետազոտության եւ բուժօգնության համար:

Ոստիկանությունը դիմեց սադրանքների, սկսեց բղավել ակտվիստների վրա եւ հայհոյել նրանց, ինչին ի պատասխան ակտիվիստները արձագանքեցին խաղաղության կոչերով: Սակայն ոստիկանությունը եւ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ) հանկարծակի զանգվածաբար հարձակվեցին ակտիվիստների վրա եւ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, առանց նախազգուշացման եւ իր գործողությունների հիմնավորման բռնի կերպով, ձերբակալեցին ակտիվիստներից վեց հոգու եւ մեկ հոգու ապամոնտաժող բրիգադից. Արման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանը, Կարեն Հարությունյանը Վահրամ Սողոմոնյանը, եւ ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանը: Ներկա պահին նշված ակտիվիստները գտնվում են արգելանքի տակ ոստիկանության Կենտրոնի բաժնում:

Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, հայտարարում ենք, որ անկախ ոստիկանության գործադրած բռնությունների եւ ակտվիստների ձերբակալման փաստից, չենք լքելու Մաշտոցի պուրակը, պաշտպանելու ենք խաղաղ ցույցի իրականացման մեր իրավունքը, մինչեւ վերջ տեր ենք կանգնելու հանրային տարածքին եւ սեփականությանը, հասնելու ենք պուրակում գտնվող կրպակների եւ մյուս հիմնական շինությունների ապամոնտաժմանը: Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների եւ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը եւ հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»: