Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հաղորդումները, համաձայն որոնց, 2012թ. ապրիլի 12-ից Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում տաքսի ծառայության ավտոմեքենաների, հասարակական տրանսպորտի, երթուղային տաքսիների, անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաեւ առեւտրի օբյեկտների վրա փակցված են նախընտրական պաստառներ, դրոշակներ, ինչպես նաեւ Վանաձոր քաղաքից դեպի Սպիտակ եւ Սպիտակ քաղաքից դեպի Ջրաշեն գյուղ տանող մայրուղում` Սպիտակ համայնքին պատկանող էլեկտրական սյուների վրա, տեղադրված են Հայաստանի Հանրապետական կուսակցության դրոշակներ:
Հաղորդումների քննարկման արդյունքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում` դիմել Վանաձոր եւ Սպիտակ քաղաքային համայնքների ղեկավարներին` ուսումնասիրելու հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ եւ հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում (անկախ սեփականության ձեւից) կուսակցությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը եւ նշված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել, ինչպես նաեւ ստուգելու քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: ՀՀ ԿԸՀ որոշման մեջ նշվում է նաեւ, որ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից քարոզչական պաստառներ չհանդիսացող քարոզչական նյութերը օգտագործելու, տարածելու սահմանափակումներ ընտրական օրենսգրքով սահմանված չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ կուսակցության կողմից որպես քարոզչական նյութ պատրաստաված եւ օգտագործվող դրոշակները օգտագործելը եւ տարածելը չի հանդիսանում ընտրական օրենսգրքի խախտում:
Արտահերթ նիստում Հայաստանի ԿԸՀ-ն քննարկել է նաեւ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներով ներկայացրած հաղորդումները:



























