«Հայաստանը վայրկյան առաջ պետք է դուրս գա բանակցություններից, եւ որքան ուշացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձգձգվող գործընթացից դուրս գալը, այնքան ավելի խորը կխրվի դրա մեջ»,- դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նշելով, որ Թուրքիայի քաղաքական շրջանակների կողմից այդ երկրի վարչապետ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գնահատվում է որպես «իրենց շահերին համապատասխանող», նա համոզմունք հայտնեց, որ թուրքական կողմի կարծիքը լիովին համապատասխանում է իրականությանը. «Հանդիպման ընթացքում Էրդողանը Ղարաբաղի մասով ասաց այն, ինչ որ ասաց, իսկ Օբաման չկրկնեց իր դիրքորոշումները, որը հայտնել էր օրեր առաջ ամերիկահայ համայնքին ուղղված իր նամակում. ԱՄՆ-ը որոշակի ակնկալիքներ ունի Թուրքիայից, հետեւաբար չի կարող նրա վրա այնքան ճնշում գործադրել, որքան կուզեր տեսնել հայկական կողմը»,- հստակեցրեց նա։
Հարցին, թե ի վերջո, կողմերից որի՞ համար է ավելի առաջնային սահմանի բացումը, Կիրո Մանոյանը համոզմունք հայտնեց, որ «Թուրքիայի համար դա օրակարգային հարց չէ, այլ միայն իմիտացիոն գործողությունների շարք, որ նպատակ ունի ապացուցել աշխարհին, թե գործընթացն ընթացքի մեջ է, եւ Թուրքիան շահագրգռված է սահմանի բացմամբ»:
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հայտնվելիք եզրակացությանը, ապա ՀՅԴ-ն, դրական պատասխանի դեպքում, համապատասխան քայլերի է դիմելու՝ փորձելով հասարակական ալիքի միջոցով ճնշում գործադրել ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ Ազգային ժողովի վրա»,-եզրափակեց նա։




























