Երեւանում կայացել է Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության մեկնարկն ազդարարում է, որ ԵՄ-ն եւ Հայաստանը ընդլայնում են համագործակցությունը մարդու իրավունքների ոլորտում:
ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունն անցել է բաց, բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում արծարծվել են փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ քննարկվել մարդու իրավունքների շուրջ կոնկրետ համագործակցության հեռանկարներ:
Հայկական պատվիրակությունը ղեկավարել էԱԳ նախարարի տեղակալ տիկին Կարինե Ղազինյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Շվեդիայի (որպես ԵՄ նախագահող երկիր) Մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերը: Պատվիրակության կազմում էին նաեւ Մարդու իրավունքների հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցչի անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկան, Եվրահանձնաժողովում մարդու իրավունքների բաժանմունքի ղեկավար Ռոլֆ Թիմանսը, Մարդու իրավունքների հարցերով Իսպանիայի դեսպան Սիլվիա Էսկոբարը` որպես ԵՄ գալիք նախագահության ներկայացուցիչ:
Մարդու իրավունքների շուրջ առաջին երկխոսության օրակարգն ընդգրկել է քննարկումներ մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի՝ ներառյալ դատական համակարգի բարեփոխումների եւ մարդու իրավունքների օրենսդրության կիրարկման վերաբերյալ:
Ներկայումս ԵՄ-ն մարդու իրավունքներին նվիրված երկխոսության մեջ է ներգրավված աշխարհի ավելի քան երեսուն երկրների հետ:




























