Հայաստանի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք հողատարածքներ ճանաչվել են գերակա հանրային շահ։ Դրանք կօտարվեն։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 18-ի նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության առաջնահերթ ռազմավարական խնդիրներից է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացումը, այդ թվում՝ Թալին-Լանջիկ 18․7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը։
Ծրագրի նպատակն է ներկայիս երկգոտի ճանապարհը միջազգային չափանիշներին համապատասխանող I կարգի քառուղի ճանապարհի վերածելու միջոցով հյուսիսից հարավ ձգվող ավտոճանապարհի արդիականացումը (ինչը ներառում է նոր կառույցների, ճանապարհային հանգույցների շինարարություն, ինչպես նաև կարևոր հատվածների ու հիմնական հանգույցների լուսավորում)։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև տեղափոխել տվյալ հատվածում առկա ենթակառուցվածքները։ Սակայն այդ աշխատանքների համար անհրաժեշտ տարածքները պատկանում են այլ անձանց, և առանց դրանց օտարման հնարավոր չէ իրականացնել ծրագիրը։
Խոսքն ընդհանուր առմամբ 276 հողակտորի մասին է։ Դրանք անհրաժեշտ են Թալին-Լանջիկ ճանապարհահատվածում կոմունիկացիաները տեղափոխելու համար, քանի որ դրանք գտնվում են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին և Մաստարա բնակավայրերի, ինչպես նաև Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ և Սառնաղբյուր բնակավայրերի տարածքներում։
Օտարվող գույքի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի մարտի 1-ը։




























