Կուբայի իշխանությունները հունիսի 23-ը՝ երեքշաբթին, սգո օր են հայտարարել՝ կուբայական հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Ռամիրո Վալդես Մենենդեսի մահվան կապակցությամբ։ Երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելի համապատասխան հրամանագրի տեքստը հունիսի 22-ին հրապարակել է Gaceta Oficial պաշտոնական թերթը։

«Հեղափոխության կոմանդանտ Ռամիրո Վալդես Մենենդեսի մահվան կապակցությամբ հունիսի 23-ի ժամը 06:00-ից մինչև նույն օրվա կեսգիշեր հայտարարել պաշտոնական սուգ»,- նշված է նախագահի թիվ 1247 դեկրետում։

Հաղորդվում է, որ պետական գործիչը մահացել է հունիսի 21-ի առավոտյան։ Սգո օրվա ընթացքում ամբողջ երկրում կխոնարհվեն պետական հիմնարկների և ռազմական օբյեկտների պետական դրոշները։

Կոմանդանտի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 21-ին։ Շեշտվում է, որ Վալդեսը կուբայական հեղափոխության ակտիվ մասնակիցներից է եղել և պարտիզանական պայքար է մղել Ֆուլխենսիո Բատիստայի վարչակարգի դեմ։ Նա մի շարք բարձր պետական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ ղեկավար դերեր է ունեցել զինված ուժերում և կառավարությունում։