Լատվիան պատրաստ է օգնել Հայաստանին եվրոպական շուկայում ինտեգրացիայի հարցում: Այս մասին հայտարարեց Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը դեկտեմբերի 11–ին Երեւանում բացված հայ-լատվիական գործարար համաժողովի շրջանակում` ավելացնելով, որ իր երկիրը պատրաստ է օգնելու Հայաստանին նաեւ եվրաինտեգրման հարցում: Լատվիայի նախագահը նշեց, որ իր հետ Հայաստան ժամանած շուրջ 60 գործարարներ հետաքրքրված են հայաստանյան շուկայով: «Չնայած հանգամանքին, որ մեր երկրները միմյանցից հեռու են գտնվում, սակայն համագործակցության համար ընդհանուր եզրեր շատ կան»,- ասաց Զատլերսը` կարեւորելով հատկապես տնտեսական ճգնաժամի պարագայում Լատվիայի եւ Հայաստանի գործակցության խորացումը:
«Ճգնաժամի պայմաններում պետք է մոբիլիզացնենք մեր հնարավորությունները եւ հաղթահարենք առաջացած խնդիրները: Մեր ունեցած ներուժն ամբողջությամբ չեն օգտագործվում: Այս համաժողովը հնարավորություն կտա համագործակցության նոր ուղիներ նախանշել, քանի որ երկու երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն»,-նշեց Լատվիայի նախագահը` հույս հայտնելով, որ առաջիկայում կավելանա համատեղ ծրագրերի, ինչպես նաեւ համատեղ կապիտալով ընկերությունների թիվը, եւ մոտ ապագայում շոշափելի արդյունքներ կգրանցվեն: Լատվիայի նախագահը նաեւ նշեց, որ իր երկիրը պատրաստ է նավահանգիստները տրամադրել Հայաստանին, ապրանքները դեպի արեւմտյան երկրներ արտահանելու համար: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է Սկանդինավյան երկրների եւ Արեւելյան երկրների համար կապող օղակ հանդիսանալ, եւ լատվիացի գործարարները պատրաստակամ են օգնելու հայ գործընկերներին՝ արեւտաեվրոպական գործարարների հետ շահավետ պայմանագրեր կնքելու համար:
Հիշեցնենք, որ Լատվիայի նախագահը Հայաստանում է ամենաբարձր` պետական այցով, նրան ուղեկցում են բազմաթիվ պաշտոնյաներ, ինչպես նաեւ 60-ից ավելի գործարարներ, որոնք ներկայացնում են այդ երկրի տնտեսության տարբեր ոլորտներ:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամից Հայաստանը եւ Լատվիան աշխարհում ամենատուժած երկրների շարքում են ընդգրկվել:




























