ԱԺ հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստովանել է, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին սխալ արտահայտություններ է արել:

«Եթե հիշում եք` դա տեղի ունեցավ մեր հավաքականի հանդիպումից հետո իմ տված ասուլիսի ժամանակ։ Դուք պետք է պատկերացնեք, թե ինչ է նշանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի համար հավաքականի պարտությունը։ Ես նյարդային վիճակում էի։ Իմ խոսքն այդ օրը գուցե պետք եղածից ավելի էմոցիոնալ ստացվեց»,- նշել է Հայրապետյանն ու հավելել. «Այո, չեմ ժխտում, որ ես իմ կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ թույլ եմ տվել սխալ արտահայտություններ եւ որոշ անտեղի գնահատականներ։ Հավաստիացնում եմ, որ ես Գագիկ Ծառուկյանին անձնական վիրավորանք հասցնելու նպատակ չեմ ունեցել, թեեւ կարող էր այդպիսի տպավորություն ստեղծվել»։

Հայրապետյանը նաեւ հայտարարել է, թե «անդամ լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որ կոալիցիայի մեջ է Բարգավաճ Հայաստանի հետ, ես նաեւ անհարմար վիճակի մեջ եմ դրել իմ կուսակիցներին, որի համար ցավում եմ եւ ակնկալում գործընկերներիս ներողամտությունը»:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը, մեկնաբանելով Ծառուկյանի հայտարարությունը, թե Բուրսայում կայացած Հայաստան-Թուրքիա խաղին չի մեկնել, քանի որ նախօրոք գիտեր մեր ընտրանու պարտությունը, անբարոյականություն էր որակել ԲՀԿ առաջնորդի խոսքերը: ԲՀԿ-ն հանդես էր եկել համարժեք հայտարարությամբ եւ նշել, որ Հայրապետյանն իրավունք չունի խոսել բարոյականության մասին: