ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հույս ունեն 2010թ. ավարտել աշխատանքները ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ: Այդ մասին ասված է համանախագահների՝ ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Միջնորդները դեկտեմբերի 11-ին այցելել էին Ադրբեջան: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ: Բաքվից ստացվող տեղեկություններով՝ միջնորդները ներկայացրել են այսպես կոչված Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը: Որպես հաջորդ քայլ նրանք մտադիր են հունվարի սկզբին այցելել Երեւան:
«Այս այցելությունները ճանապարհ կհարթեն` երկու նախագահների միջեւ 2010 թվականին կայանալիք հետագա հանդիպումների համար, որոնց արդյունքում վերջնական տեսքի կբերվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները»,- ասված է հայտարարության մեջ:




























