ՀՀ դատախազության հրահանգով քրեական գործեր են հարուցվել մարտի 1-ի ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ։ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կ.Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ հարուցել քրեական գործեր ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Մասնավորապես Կ.Փիլոյանը ցուցում է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) քրեական գործ հարուցել «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներ կիրառած 4 ոստիկանների նկատմամբ: Հիշեցնենք, որ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանները 4-ն էին՝ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանն ու Վարդան Սահակյանը, 1001 զորամասի ենթասպաներ Ավետիք Աթաբեկյան ու Լեւոն Հակոբյանը, որոնց կրակոցներից սպանվել էին մարտի 1-ի տաս զոհերից երեքը։
Ի դեպ, դատազխությունը հաղորդում է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից ստացել է տեսագրություններ 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Ստացված տեսագրություններում կան կադրեր, թե ինչպես են վահաններով եւ մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները վազում քաղաքացիական հագուստով անձանց հետեւից եւ հատուկ միջոց հանդիսացող մահակներով հարվածում անհայտ քաղաքացուն: Նկատի ունենալով, որ նշված կադրերում առկա են ոստիկանների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն ակնհայտորեն դուրս եկող գործողություններ՝ Կ.Փիլոյանը հանձնարարել է հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:



























