Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովում քննարկվում են պետության կազմակերպման և քաղաքական համակարգի, սահմանադրաիրավական և ընտրական համակարգերի, քաղաքական կուսակցությունների գործունեության, դատական իշխանության, իրավապահ համակարգի, ինչպես նաև քրեական, վարչական և քաղաքացիական օրենսդրությանն առնչվող հարցերը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, վերոնշյալ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 11-ին հայտարարեց թափուր պաշտոնի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլակյանը։
«Ինձ համար այս հանձնաժողովը պարզապես օրինագծեր քննարկող մարմին չէ։ Հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ ձևավորվում է պետության իրավական ճարտարապետությունը, ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծվում են իրավական երաշխիքներ, որոնց վրա կառուցվում է քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ»,- ասաց Ջուլակյանը։
Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունների շարքում նա առանձնացրեց արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ, չնայած կատարված աշխատանքին, շարունակում են պահպանվել դատավարությունների տևողության, դատարանների ծանրաբեռնվածության և դատական ակտերի կանխատեսելիության հետ կապված խնդիրները։ Մյուս կարևոր ուղղությունը, ըստ պատգամավորի, կոռուպցիայի դեմ պայքարն է։
Նա ընդգծեց, որ քաղաքական կամքը հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի առաջնահերթությունների թվում պետք է լինեն հակակոռուպցիոն մարմինների գործունեության մշտադիտարկումը, օրենսդրության կիրառման արդյունավետության գնահատումը և, անհրաժեշտության դեպքում, օրենսդրական փոփոխությունների օպերատիվ նախաձեռնումը։
Ջուլակյանը նաև անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին՝ այն անվանելով վերջին տարիներին ընդունված ամենակարևոր օրենքներից մեկը։
«Այն արդեն գործում է և տալիս է իր արդյունքները, թեև դանդաղ»,- նշեց թեկնածուն՝ հավելելով, որ օրենքի կիրառման ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դիրքորոշումները հաշվի են առնվել։
«Այսպիսով, համապատասխան փոփոխությունները մոտ ժամանակում կներկայացվեն Ազգային ժողովին»,- ավելացրեց պատգամավորը։
ԱԺ հանձնաժողովը պետք է վերահսկողություն իրականացնի հակակոռուպցիոն մարմինների գործունեության նկատմամբ. ՔՊ

Հասանելի է
русский



























