Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հայը դարձել է պատասխանատու պաշտոնյա։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ Սուրեն Լեո Հալեպլին հաջողությամբ անցել է վերջին քննությունը։
Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար Եվրամիության քարտուղարության մասնագետի պաշտոնի համար անցկացված մրցույթում բոլոր արգելքները հաղթահարելուց հետո՝ Սուրեն Հալեպլին ընդգրկվեց առաջին 42 հոգանոց պատվիրակության կազմում։
NEWS.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի պետնախարար, Եվրամիության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը պատասխանել է թուրքական թերթերից մեկի հարցին՝ կապված ԵՄ-ի հետ բանակցող խմբում հայազգի անդամի ընտրությանը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էգեմեն Բաղըշը ասել էր. "Այս նախագիծը իրականացնելու ենք երիտասարդների, ծերերի, հարուստների, աղքատների, հայի, հրեայի, մահմեդականի հետ միասին։ Այսուհետ աշխատանքների համար 340 հոգանոց մի պատվիրակություն է ստեղծվելու, որը արդեն հավանության է արժանացել թուրքական խորհրդարանի կողմից, եւ մենք ընդունելության քննություններ ենք կազմակերպել։ Մեր 118 քաղաքացիներ արդեն գրավոր քննությունը անցել են։ Բանավոր քննությունից հետո 42 հոգի անմիջապես կանցնեն պարտականությունների կատարմանը։ Մենք աշխատանքի համար դիմողների ոչ էթնիկ, ոչ կրոնական, ոչ էլ քաղաքական հայացքներին ուշադրություն չենք դարձնում։ Մեր բոլոր քաղաքացիները հավասար են։




























