Ես մեծ հույս ունեմ, որ չեմ ընտրվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը, ով առաջադրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ըստ ԱԺ կանոնակարգի բաժին է հասել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։
«Այս հանձնաժողովի հետ կապված մեր խմբակցության որոշակի մոտեցումները, որ պետք է անկեղծ լինենք ժողովրդի հետ, պետք է աշխատենք մեր ժողովրդի առօրյա կյանքում որակական փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, կարծես թե այդ օրը պատգամավորների, մասնավորապես, ՔՊ–ի պատգամավորներն այդպես չէին կարծում։ Հետևաբար արդեն կա մոտեցումների որոշակի տարբերություն։
Եթե չընտրվեմ, իմ կյանքում ոչինչ չի փոխվելու, մենք եկել ենք Ազգային ժողով աշխատելու և անկախ նրանից, թե որ հանձնաժողովը կլինի, այդ հանձնաժողովում ինչ կարգավիճակում լինի, շարունակելու ենք ինտենսիվ աշխատանքները»,–ասաց նա։
Հարցին՝ իր չընտրվելու դեպքում, արդյոք «Ուժեղ Հայաստանը» այլ թեկնածու կառաջադրի այդ պաշտոնի համար, Արեգա Հովսեփյանն ասաց, որ այդ հարցը կորոշի խմբակցությունը։





























