Քիչ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս եկավ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից և հեռացավ։
«Երբ գործի նյութերը ստանանք, այդ ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում»,–ասաց նա և նստեց մեքենան։
Նկատենք, որ թեեւ նրա նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցված, սակայն ի տարբերություն Քոչարյանների, Սերժ Սարգսյանին ոչ թե բերել էին Հակակոռուպցիոն կոմիտե, այլ նա հրավիրվել էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը երկարաշուրչ հաղորդագրություն էր տարածել, որտեղ,մ մասնավորապես, նշվում է.
«Դատախազը 2026–ի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի (Ռոբերտ Քոչարյան–խմբ) նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն (Սեդրակ Քոչարյանը), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն (Սերժ Սարգսյանը), ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն (Անդրանիկ Մարգարյանը), Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն (Գագիկ Բեգլարյանը), «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն (Սամվել Մայրապետյանը), ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն. (Արամայիս Որսկանյանը), Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։
Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:
Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։





























