«ՀՅԴ-ն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ տեսնում է, իսկ ով չի տեսնում, թող ակնոց հագնի»,- դեկտեմբերի 14-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

Նշելով, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում հայկական կողմի վրա ճնշումներն, անկասկած, այսուհետ էլ շարունակվելու են, նա նկատեց, որ հայկական կողմը բանակցային գործընթացը կարող է կանգնեցնել մի քանի սցենարներով՝ պարզապես դուրս գալով գործընթացից կամ դրա ընթացքում հանդես գալով վերապահումներով։ ԱԺ պատգամավորը նկատեց նաեւ, որ Թուրքիայում, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակմամբ այնպիսի սուր իրավիճակ է ստեղծվել, որ այդ ֆոնի վրա հայ-թուրքական մերձեցման գործընթացն, անկասկած, հետին պլան կմղվի։

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով հունվարի 12-ին հրապարակելիք որոշմանը, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ «անկախ ամեն ինչից՝ որոշման հրապարակման օրը ՀՅԴ-ն Սահմանադրական դատարանի շենքի առջեւ գործողություններ է իրականացնելու»։ «Այդ օրերին Հայաստանում հանգիստ չի լինելու»,- տեղեկացրեց նա՝ ընդգծելով, որ իրենք այժմվանից զգում են իրենց սատարող ժողովրդական ալիքը։