Լավ է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսություն գոնե կա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Երկխոսության առկայությունը միշտ լավ է։ Դա միշտ դեէսկալացնում է իրավիճակը։ Իսկ իրավիճակը, եկեք չթաքցնենք, բավականին էսկալացված է։ Այլ հարց է, որ այս երկխոսությունն ինքնին, կարծես, չի բերում որևէ շոշափելի արդյունքի»,- հավելել է Իոաննիսյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ անհավասարակշռություն պետք չէ ո՛չ Երևանին, ո՛չ Մոսկվային։
ՀԿ ղեկավարի կարծիքով՝ ռուսական կողմը պնդում է Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վրա՝ նպատակ ունենալով միջամտել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին, ինչը, ինչպես կարծում է փորձագետը, նա արել է բազմիցս։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, և նույնիսկ որոշակի հաջողությամբ։





























