Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը որևէ ապացույց չունի այն մասին, թե Մարոկկոն կազմակերպել է կամ աջակցել է հուլիսի վերջին Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավի միգրանտների զանգվածային ճեղքմանը, հաղորդում է The Guardian-ը։

«Վստահեցնում եմ ձեզ, որ որևէ կառույց՝ ո՛չ դիվանագիտական ծառայությունը, ո՛չ Եվրոպական հանձնաժողովը, ո՛չ էլ որևէ միջազգային կազմակերպություն Իսպանիայի կառավարությանը չի ներկայացրել որևէ ծանրակշիռ ապացույց այն մասին, որ Մարոկկոն ծրագրել կամ իրականացրել է այդ միջադեպը: Ոչ մի ապացույց չկա»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Սանչեսը:

Այսպես նա մեկնաբանել է լրատվամիջոցներում հայտնված ոստիկանական զեկույցը, որը կազմվել էր դատավորի հանձնարարությամբ: Ըստ այդ փաստաթղթի, սահմանն անցնելու հարցում, մարոկկացի սահմանապահներն իբր ակտիվորեն աջակցել են շուրջ 70 հազար մարդու:

Սանչեսը նշել է, որ առայժմ բացառում է սահմանը ճեղքելու գործում Մարոկկոյի կառավարության մասնակցությունը, սակայն ընդունել է, որ մարոկկոյական ուժերը հուլիսի 30-ին՝ վճռորոշ 10 ժամվա ընթացքում, թույլ են տվել մարդկանց հատել սահմանը: Որոշ ներգաղթյալներ ավելի վաղ լրագրողներին պատմել էին, որ իրենց ակտիվորեն հորդորել են շարժվել դեպի Սեուտա: Մարոկկոյի իշխանությունները հերքում են այդ տեղեկատվությունը:

Իսպանիայի վարչապետի խոսքով՝ Մադրիդն օգոստոսի 21-ին կանչել է Մարոկկոյի դեսպանին։ Պատճառը Սեուտայի և Մելիլյայի վերաբերյալ թագավորության երկու նախարարների անընդունելի հայտարարություններն են։ Վերջիններս իսպանական երկու անկլավներ են Հյուսիսային Աֆրիկայում։ Մարոկկոյի արդարադատության նախարար Աբդելլատիֆ Ուահբին անցյալ ամիս կրկին հայտարարել էր, որ Ռաբաթը հավակնում է այդ տարածքներին։

Սանչեսը նաև հերքել է պնդումներն այն մասին, թե իսպանական իշխանությունները նախապես զգուշացված են եղել նախապատրաստվող զանգվածային ներհոսքի մասին: Նրա խոսքով՝ այնպիսի հաղորդագրություններ չեն եղել, որոնք թույլ կտային գնահատել տեղի ունեցածի մասշտաբն ու հավանականությունը:

Ոչ կառավարական կազմակերպությունների գնահատականներով՝ հուլիսի վերջին տեղի ունեցած ճգնաժամի հետևանքով զոհվել է մինչև 141 մարդ: Սահմանն անցածների մոտ 90%-ը մեկ օրվա ընթացքում վերադարձել է Մարոկկո, սակայն մի քանի հազար մարդ, այդ թվում՝ առնվազն 500 անչափահաս, ըստ տեղեկությունների, դեռ մնում է անկլավում:

Ծայրահեղ աջակողմյան Vox կուսակցությունը պահանջում է ներգաղթյալներին հետ ուղարկել Մարոկկո։ Սանչեսը, սակայն, հայտարարել է, որ Իսպանիայի իշխանությունները պետք է գործեն ազգային, եվրոպական և միջազգային օրենքների սահմաններում։

«Չի կարելի ուղղակի բռնել մարդու ձեռքից ու, աղբի պարկի նման, սահմանից այն կողմ նետել»,- ասել է վարչապետը:

Պահպանողական «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոոն Սանչեսին հրաժարականի կոչ է արել՝ մեղադրելով նրան «անգործունակության և հանցակցության» մեջ: Vox-ի ղեկավար Սանտյագո Աբասկալն իր հերթին հայտարարել է, որ «Մարոկկոյին Իսպանիայում դեսպան պետք չէ, դուք եք նրա դեսպանը»:

Սանչեսը նաև կոչ է արել ԵՄ-ին համերաշխություն ցուցաբերել Իսպանիային Սեուտայի ճգնաժամի հարցում: Նրա խոսքով՝ այդ սկզբունքը Սեուտայի վրա պետք է տարածվի ճիշտ այնպես, ինչպես Գրենլանդիայի և իտալական Լամպեդուզա կղզու դեպքում:

Վարչապետը նշել է, որ Սեուտայի և Մարոկկոյի միջև բարեկեցության մակարդակի տարբերությունը մնում է միգրացիոն ճնշման հիմնական գործոններից մեկը. անկլավում մեկ շնչին ընկնող եկամուտը հարևան երկրի համեմատ ութ անգամ բարձր է:

«Նույնիսկ եթե մենք 100 մետրանոց պատ կառուցենք, միևնույն է, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն նետվել ծովը՝ այստեղ հասնելու համար»,- ասել է Սանչեսը: