Չեխիայի արտգործնախարար Պետր Մացինկան սկանդալի կիզակետում է հայտնվել այն բանից հետո, երբ «Դետեկտիվ կուսակցություն» խմբի ակտիվիստները նրան հարցազրույցի են հրավիրել՝ ներկայանալով որպես լրագրողներ, հայտնում է Denik պարբերականը։
Ակտիվիստների պնդմամբ՝ հանդիպման ժամանակ նախարարի անվտանգության աշխատակիցները չեն նկատել զենքի և պայթուցիկ սարքերի կրկնօրինակները, իսկ ինքը՝ Մացինկան, ժամանելուց վայրկյաններ անց հետ է ուղարկել իրեն ուղեկցող թիկնապահին։
Նախապես ակտիվիստները հորինել էին Տոմաշ Պաուկներ անունով լրագրողի կերպար և նրա անունից նախարարին հրավիրել հարցազրույցի։ Այդ նպատակով օգտագործվել է էլեկտրոնային փոստի հասցե, որի դոմենը, ըստ խմբի, պատկանում է իրենց անդամներից մեկին։ Մացինկան համաձայնել է հանդիպմանը և տեղեկացրել, որ ինքը հատուկ պահպանվող անձ է, սակայն փորձել է հարցազրույցն այնպես կազմակերպել, որ անվտանգության աշխատակիցները ստուդիայում ներկա չլինեն։
Ակտիվիստների խոսքով՝ նախարարի գալուց առաջ տարածքը նույնպես չէր ստուգվել։ Մացինկան եկել է մեկ թիկնապահի ուղեկցությամբ, որին, սակայն, շուտով խնդրել է դուրս գալ ստուդիայից։
Ինքը՝ նախարարը, պնդում է, թե կռահել է, որ հարցազրույցը կարող է սադրանք լինել։ «Երբ եկա, հասկացա, որ այդ մարդը յութուբեր է. սպասում էի սադրանքի, բայց ոչ մի սադրանք էլ տեղի չունեցավ», — 2027 թվականի պետբյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու հարցով նիստից հետո հայտարարել է Մացինկան։
Նա նաև նշել է, որ հանդիպումը սովորական ինտերնետային ձևաչափերից դուրս չի համարում։ «Եթե այդ մարդն աշխատի իր վրա, կարող է լրագրող դառնալ, և ես նորից կգնամ նրա մոտ հարցազրույցի», — ասել է նախարարը։
Տեսանյութի հրապարակման նախօրեին Մացինկան Ֆեյսբուքում գրել էր, որ որպես քաղաքական գործիչ հազարավոր հարցազրույցներ է տալիս, և դրանցից որոշներն ավելի հետաքրքիր են լինում, քան մյուսները։ «Այդպիսի մեկն արդեն տվել եմ, և, հավանաբար, շուտով այն լույս կտեսնի», — նշել էր նա։
Միջադեպը մեկնաբանելով՝ ընդդիմադիր Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության նախագահ Մարտին Կուպկան վարչապետ Անդրեյ Բաբիշին կոչ է արել պահանջել Մացինկայի հրաժարականը։ Նա ընդգծել է, որ ԱԳ նախարարը հատուկ պահպանվող անձ է և հասանելիություն ունի հատուկ ծառայությունների գաղտնի նյութերին, ուստի կասկածի տակ է դրել նրա հետագա պաշտոնավարման հնարավորությունը։
«Դետեկտիվ կուսակցությունն» ինտերնետային նախագիծ է, որի մասնակիցները սադրիչ նյութեր են նկարահանում՝ ուղղված հատկապես ապատեղեկատվություն տարածողների և կիբերհանցագործների դեմ։ Այս դեպքում խմբի անդամներից մեկը հանդես է եկել Տոմաշ Պաուկների անունով՝ հեղինակ, որի իրական ինքնությունը հրապարակայնորեն չի բացահայտվում։



























