ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի՝ Financial Times-ի հարցումների մեկնարկից ի վեր․ նրա աշխատանքը հավանության է արժանացնում հարցվածների ընդամենը 33%-ը։ Այդ մասին են վկայում FT-ի և Focaldata հետազոտական ընկերության համազգային հարցման արդյունքները։
Մեկ ամսվա ընթացքում ցուցանիշը նվազել է երեք տոկոսային կետով։ Հանրապետականների շրջանում էլ Թրամփի վարկանիշը հասել է հարցման ողջ պատմության ընթացքում ամենացածր մակարդակին՝ 72%՝ մեկ ամսում կորցնելով ավելի քան երկու տոկոսային կետ։
Աջակցության անկման գլխավոր պատճառը դարձել է ամերիկացիների դժգոհությունը տնտեսության վիճակից և կյանքի թանկացման աճից։ Հարցվածների գրեթե երկու երրորդը կարծում է, որ երկրի տնտեսությունը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ 57%-ը հայտարարել է, որ Թրամփի օրոք իրենց ֆինանսական վիճակը վատթարացել է։ Հանրապետականների շրջանում նախագահի գործողությունների հավանությունը տնտեսության և զբաղվածության ոլորտներում մեկ ամսում գրեթե 8 կետով նվազել է՝ հասնելով 53%-ի։
Հարցվածների մեծամասնությունը նաև դեմ է արտահայտվել նախագահի առևտրային քաղաքականությանը։ Մասնավորապես, 56%-ը հավանություն չի տալիս մոտ 20 մլրդ դոլարի կանադական ապրանքների վրա 50%-անոց մաքսատուրքերի սահմանմանը։ Օտտավայի պատասխան միջոցները հանգեցրել են առևտրային հակամարտության հետագա սրմանը և ուժեղացրել գների աճի վերաբերյալ մտահոգությունները։
Այս ֆոնին Թրամփը ռիսկի է դիմում խնդիր դառնալ հանրապետականների համար նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։ Ընտրողների 46%-ը կարծում է, որ նախագահը նվազեցնում է Հանրապետական կուսակցության թեկնածուների հաղթելու շանսերը։ Անկախ ընտրողների շրջանում 47%-ը հայտարարել է, որ Թրամփի կողմից թեկնածուին ցուցաբերվող աջակցությունը իրենց կդարձնի ավելի քիչ հակված քվեարկելու նրա օգտին։
Միևնույն ժամանակ, հնարավոր առավելություն են ստանում դեմոկրատները․ գրանցված ընտրողները նրանց տալիս են 7,5 տոկոսային կետի առավելություն այն հարցում, թե որ կուսակցության թեկնածուների օգտին են մտադիր քվեարկել։ Մեկ ամիս առաջ տարբերությունը կազմում էր 5 կետ։
Focaldata-ի հարցումն անցկացվել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը՝ 1914 գրանցված ընտրողների շրջանում։ Սխալի սահմանը կազմում է 2,6 տոկոսային կետ։





























