Առնվազն 81 մարդ վիրավորվել է Մեխիկո նահանգում եկեղեցու շենքում գտնվող վառոդի և հրավառությունների պահեստի պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Excelsior թերթը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 10 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի և 14 վիրավորի մասին։
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի երեկոյան՝ Սանտա Մարիա Կանչեսդա բնակավայրում։ Հրավառությունների դետոնացիայի հետևանքով տեղական եկեղեցու շենքը մասամբ փլուզվել է, իսկ փլատակների տակ մարդիկ մնացել են արգելափակված։ Դեպքի վայր են ժամանել հարևան մունիցիպալիտետների արտակարգ ծառայությունների աշխատակիցները, իսկ փրկարարական աշխատանքները բարդանում են կառույցների վնասվածքների պատճառով։
Տուժածները, որոնց թվում կան նաև մեկուկես տարեկանից երեխաներ, տեղափոխվել են Ատլակոմուլկո քաղաքի հիվանդանոց։ Իշխանությունները դեռ չեն պարզել հրդեհը հրահրած ճշգրիտ պատճառը, սակայն տոնական հրավառությունների համար նախատեսված վառոդի առկայությունը մեծացրել է ողբերգության մասշտաբները։ Նախնական վարկածով՝ միջադեպը տեղի է ունեցել պիրոտեխնիկայի հետ անզգույշ վարվելու հետևանքով։





























