Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ հրավիրել է երկրի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջնորդներին՝ քննարկելու միջազգային իրավիճակի կտրուկ վատթարացումն ու դրա հետևանքները Ֆրանսիայի համար, գրում է Le Figaro-ն։
Հանդիպումը կանցկացվի Ելիսեյան պալատում՝ վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի, ռազմական գերատեսչության ներկայացուցիչների և հետախուզական ծառայությունների մասնակցությամբ։
Ելիսեյան պալատի տվյալներով՝ մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունները, ինչպես նաև դրանց հետևանքները Ֆրանսիայի անվտանգության և էներգետիկայի համար։ Զինվորականներն ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կներկայացնեն այն տեղեկությունները, որոնց տիրապետում է նախագահը։
Հանդիպումը կսկսվի 10:30-ին։ Դրան հրավիրված են նաև Սենատի նախագահ Ժերար Լարշեն և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցությունից կարող է ներկա լինել միայն մեկ ներկայացուցիչ՝ դրա առաջնորդը կամ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուն։ Հրավերներ են ստացել միայն այն կուսակցությունները, որոնք ներկայացված են ֆրանսիական խորհրդարանում։ Մասնավորապես, ցուցակում չի ընդգրկվել Էրիկ Զեմուրի «Ռեկոնկիստա» կուսակցությունը, որը ներկայացուցիչներ ունի միայն Եվրոպական խորհրդարանում։
Հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի Մերձավոր Արևելքում ճգնաժամի հետևանքները Ֆրանսիայում վառելիքի գների համար։ Սկզբում Մակրոնը ծրագրել էր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ուրբաթ այցելել Ֆորտ Բոյար, սակայն միջազգային իրավիճակի պատճառով ծրագրերը փոխել է։
Նախագահի շրջապատում նշում են նաև ռուսական հարվածների և հիբրիդային գործողությունների ուժեղացումը, որոնք Փարիզը կապում է Կրեմլի հետ։
«Այն, ինչ տեղի է ունենում մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու, ի վերջո միշտ ազդում է մեր առօրյա կյանքի վրա»,- հայտարարել է Մակրոնը՝ ընդգծելով լարվածությունը նվազեցնելու, մատակարարումների անվտանգությունն ապահովելու և գների աճի ճնշումը թուլացնելու անհրաժեշտությունը։
Վերջին օրերին Ֆրանսիայի նախագահը նաև բանակցություններ է վարել Իրաքի վարչապետի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի և Կատարի էմիրի հետ։ Հինգշաբթի Մակրոնը Փարիզում ընդունում է Հորդանանի թագավորին և Լիբանանի նախագահին։
Ֆրանսիական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ «Սեն-Դենի» ձևաչափով նման հանդիպումներ Մակրոնն անցկացնում է 2023 թվականից։





























