Սեպտեմբերի 22-ին Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ամբողջ երկրի տարածքում էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում 60 օր ժամկետով՝ սեպտեմբերի 26-ից սկսած, արտակարգ դրություն սահմանելու մասին որոշումը, հաղորդում է Newsmaker-ը։
Որոշման օգտին քվեարկել են իշխող PAS կուսակցության 54 պատգամավորներ, ընդդիմության 20 ներկայացուցիչներ դեմ են արտահայտվել, իսկ 22 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Մոլդովայի կառավարությունն այս միջոցի անհրաժեշտությունը բացատրում է մի քանի ռիսկերի համադրությամբ, որոնք կարող են միաժամանակ ազդել երկրի էներգամատակարարման, վառելիքի շուկայի և ջրային ռեսուրսների վրա։ Միաժամանակ, իշխանություններն ընդգծում են, որ ներկայում Մոլդովային գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի կամ ջրի պակաս չի սպառնում։ Արտակարգ դրությունը պետք է պետությանը տրամադրի լրացուցիչ գործիքներ՝ իրավիճակի վատթարացման դեպքում օպերատիվ արձագանքելու համար։
Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը, խորհրդարանում ներկայացնելով նախաձեռնությունը, նշել է գազի և նավթամթերքների գների աճը, դիզելային վառելիքի մատակարարումների խափանումների ռիսկերը, ջրային ռեսուրսների սուր պակասը և հիդրոէներգետիկ արտադրության նվազումը։ Լրացուցիչ գործոն է մնում տարածաշրջանային էներգետիկ համակարգում ստեղծված բարդ իրավիճակը՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին։
Մոլդովայի վարչապետի գնահատմամբ՝ այդ ռիսկերը փոխկապակցված են. գազը ազդում է ջեռուցման և էլեկտրաէներգիայի արտադրության վրա, ջուրը՝ հիդրոէներգետիկայի, իսկ էլեկտրականությունն անհրաժեշտ է ջրամատակարարման համակարգի պոմպերի աշխատանքի համար։
Իշխանությունները կարծում են, որ գործող բարձր պատրաստվածության ռեժիմը, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 25-ին, այլևս բավարար գործիքակազմ չի ապահովում միաժամանակ մի քանի խնդիրների առաջացման դեպքում։ Արտակարգ դրությունը հնարավորություն կտա ավելի արագ գնել անհրաժեշտ սարքավորումները, տեղադրել գեներատորներ և էներգիայի պահպանման համակարգեր, իսկ ծայրահեղ իրավիճակներում՝ կիրառել կարգավորման և հարկման ոլորտներում ժամանակավոր միջոցներ։
«Դրանք պահուստային գործիքներ են։ Հուսով եմ՝ ստիպված չենք լինի օգտվել դրանցից»,- հայտարարել է Տոֆանը։
Կառավարության տվյալներով՝ միջոցը կանխարգելիչ բնույթ ունի: Դրա անհրաժեշտությունը կապված է նաև ցուրտ եղանակի մոտենալու հետ. այս ձմռանը Մոլդովայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 59%-ը նախատեսվում է ծածկել ներմուծման հաշվին, իսկ պիկ ժամերին ներմուծման պահանջարկը կարող է հասնել 400–450 ՄՎտ-ի։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային անվտանգության խորհրդի որոշումից հետո կառավարությունն արտակարգ դրություն սահմանելու առաջարկ էր ներկայացրել։ Էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում նախկինում գործող բարձր պատրաստվածության ռեժիմների ժամկետը լրանում է սեպտեմբերի 25-ին։




























